Բաժիններ՝

Ծավի գյուղապետը չի անհանգստանում իր դեմ հարուցված քրեական գործի համար

Հարցազրույց Ծավի գյուղապետ Սեյրան Զաքարյանի հետ

 

– Պարոն Զաքարյան, այսօր լրատվամիջոցները գրել են, որ քրեական գործ է հարուցվել Ձեր դեմ՝ հողամասերի ինքնակամ զավթումը, շինության ինքնակամ կառուցումը չկասեցնելու, «Էներգացանցշին» ԲԲ ընկերության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ: Տեղյա՞կ եք այդ մասին:

– Ասում են, ես էլ եմ լսել, բայց չեմ անհանգստանում դրա համար, որովհետև ոչ մի վատ արարք կամ նման շահադիտական բաներ չեն եղել իմ կողմից: Ես չեմ անհանգստանում  և ոչ մի ծանուցագիր չեմ ստացել: Ես լսել եմ քրեական գործ հարուցելու մասին «Խուստուփ TV»-ով: Գյուղում էդ ալիքը չկա, մոտիկ մարդկանցից ինձ զանգեցին-ասացին, որ նման բան են լսել, հետո ինտերնետով մտանք էդ ալիքը` «Խուստուփ TV»-ն  ու իմացա էդ մասին :Մարտի  մեկի երեկոյան իմացա այդ մասին:

– Իսկ Ձեզ չէ՞ին կանչել հարցաքննության:

– Մի ամիս առաջ կանչել էին:

– Իսկ չէի՞ն ասել, թե ինչու են հարցաքննում Ձեզ:

– Էստեղ ԳԷՍ է կառուցվել, փոքր հիդրոէլեկտրակայան, և դրա հողհատկացման, շինթույլտվության հետ կապված իբր պաշտոնական լիազորությունների չարաշահում եմ արել: Բայց ես էլ իրենց ասացի, որ ոչ մի պաշտոնական չարաշահում չեմ արել, նախ օրենքով եմ կատարել հողհատկացումը, հետո էլ մի քիչ կոշտ-կոպիտ խոսեցի` ասացի` լավ եմ արել, որովհետև գյուղում աշխատեղեր եմ բացել, ոչ թե իմ անձնական շահն եմ պաշտպանել: Ես պաշտպանել եմ համայնքի շահը: Եթե ինչ-որ տեղ  օրենքի խախտում եմ արել, չնայած չեմ համարում, որ խախտում կատարել եմ, բայց ես դա արել եմ համայնքի համար:

– Իսկ այդ հէկ-ն ո՞ւմ է պատկանում, որի համար հողհատկացում եք արել:

– Այդ հէկ-ը պատկանում է «Էներգոցանցշին» բաց բաժնետիրական ընկերությանը:

– Պարոն Զաքարյան, Սյունիքում խոսակցություններ կան, որ Սյունիքի մարզպետը հէկ է կառուցելու Ծավում, Բասուտա գետի վրա: Ճի՞շտ են այդ խոսակցությունները:

– Ես սեպտեմբերին ՏԻՄ ընտրություններին վերընտրվել եմ, և նախկին ժամանակաշրջանը` 4 տարին, ես չեմ պաշտոնավարել` 2008-2012թթ., գյուղապետարանն ընդունելուց հետո տեսել եմ փաստաթղթեր, որ հողի կատեգորիայի փոփոխության վերաբերյալ, երկրորդ ԳԷՍ կառուցելու վերաբերյալ, իսկ թե ո՞վ պետք է կառուցի, չեմ կարող ստույգ ասել:

– Իսկ դուք նախկինում` որպես գյուղապետ, ե՞րբ եք պաշտոնավարել:

– Պաշտոնավարել եմ 1999թ.-ից  մինչև 2008թ. հոկտեմբերի 26-ը:

– Իսկ Դուք ո՞ր կուսակցության անդամ եք:

– Ես հանրապետական եմ:

– Իսկ ինչո՞վ եք պայմանավորում, որ Ձեր ղեկավարած համայնքում Ձեր կուսակցության թեկնածուն պարտություն կրեց:

– Ժողովուրդն իր ազատ կամքն արտահայտեց: Էստեղ ոչ մի բռնություն, ոչ մի ընտրակեղծիք-բան չի եղել: Ժողովուրդն իր ընտրությամբ ասում է, էլի:

– Պարոն Զաքարյան, հետաքրքիր է, որ Ձեր դեմ հարուցված քրեական գործից տեղեկացել եք ԶԼՄ-ից:

– Չեմ էլ անհանգստանում: Սիրտս մաքուր ա: Ես էսպես եմ մտածում` եթե համարեն, որ իմ կատարածը հանցանք է, իսկ ես 16 հիմնական աշխատատեղ եմ բացել, բացի դա,  համայնքից 50-60 հոգի աշխատել են շինարարական աշխատանքներում, ինչը մեծ խնդրի լուծում էր համայնքի համար, ուրեմն` ոչինչ, թող ինձ պատժեն դրա համար: Բայց ես դա արել եմ անշահախնդիր` զուտ համայնքի շահերից ելնելով: Անձնական ոչ մի շահ չի եղել: Սա ասել եմ և կարող եմ ասել մինչև վերջ:

– «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը  հաղթել է Ձեր ղեկավարած համայնքում: Դուք Ձեր դեմ հարուցված գործը պայմանավորում եք քաղաքակա՞ն դրդապատճառներով:

– Հըլը որ՝ չէ, ես նման բան չեմ տեսնում, միգուցե հետո օգտագործվի դա: Բայց կարծում եմ, որ չէ:

– Դուք նշեցիք, որ հանգստությամբ ընդունեցիք Ձեր դեմ հարուցված քրեական գործի մասին լուրը: Ինչո՞վ է պայմանավորված այդ հանգստությունը:

– Որովհետև ոչ մի խախտում, օրինազանցություն, շահադիտական պահ չեմ ունեցել, ոչ ոք չի կարա ասի, որ փողեր են տվել ինձ փաստաթուղթը պեչատելու համար, ոչ մի օրինազանցություն կամ օրենքի խախտում չեմ արել: Ես նորից եմ ասում` ես բացել եմ աշխատատեղ:

– Այսինքն` անհի՞մն է հարուցվել քրեական գործը Ձեր դեմ:

– Այո՛, ես կասեի՝ անհիմն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս