Բաժիններ՝

Նոր բանաստեղծական շարք` եզդի ժողովրդի ցեղասպանության մասին

«Վերջին շրջանում եզդի ժողովրդի մասին շատ է խոսվում, սակայն կան բուն թեմաներ, որոնք շրջանցվում են»,- ասում է ազգությամբ եզդի գրող Սաշա Արևորդին:

Ս. Արևորդին ցանկանում է իր բանաստեղծական շարքերի, հրապարակումների միջոցով հանրությանը ներկայացնել եզդի ժողովրդի` առաջնային խնդիր համարվող ցեղասպանության խնդիրը: «Դարեր շարունակ եզդի ժողովուրդն օտարի կողմից հալածվել է, սակայն, չգիտես՝ ինչո՞ւ, սրա մասին չի խոսվում: Այսօր եզդի ժողովրդի մասին ամեն հարմար առիթով խոսվում է, անդրադարձներ կան արդեն մեր մշակույթին, մարդիկ հետաքրքրվում են մեզանով, մեր սովորույթներով, բայց կա մի բան, որ առավել է ամեն տեսակ սովորույթից`մեր ազգի հանդեպ ոտնձգությունները:

Այսօր ազգի ներսում տարաբնույթ քննարկումներ են սկիզբ առել: Հարցն այնքան է խառնվել, որ թողած բուն խնդիրը՝ ոմանք վերհիշում են իրենց անձնական խնդիրները, ոմանց համար սա մի լավ առիթ էր իրենց գոյության մասին հիշեցնելու: Խնդիրն ընկալվեց ամեն տեսակետից, բայց ոչ այն տեսանկյունից, որ պետք էր:

Ես ցանկանում եմ մեր խնդիրները ներկայացնել աշխարհին, ուստի աշխատում եմ իմ նոր`եզդիների ցեղասպանության մասին պատմող շարքի վրա: Այս շարքի բուն առաքելությունը եզդիների ցեղասպանությունների գեղարվեստական արտացոլումն ու ճանապարհների առաջարկումն է` խնդրից դուրս գալու համար: Եվ կարևոր չէ, որ հենց իմ առաջարկած ճանապարհն ընտրեն: Ցանկանում եմ, որ մարդիկ, հասկանալով իրավիճակի իրական լրջությունը, իրենք որոնեն ելքեր` Իրաքում ստեղծված աղետալի իրավիճակից դուրս գալու համար»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Սաշա Արևորդին:

Վերջինս իր բանաստեղծական շարքն անվանել է «Լալըշն արտասվում է»: Բանաստեղծությունները հիմնականում եզդիերեն լեզվով են: Աշխատանք ավարտին հասցնելուն պես այն կտպագրվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս