Րաֆֆի Հովհաննիսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպման տեսագրությունը (տեսանյութ)

Քիչ առաջ Կենտրոն հեռուստաընկերությունը ներկայացրել է կարճ տեսանյութ՝  «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ։

«Ես ողջունում եմ մեր համագործակցությունը։ Ես կարծում եմ, որ միասին բոլոր կուսակցությունները՝ Բարգավաճը, Դաշնակցությունը, ՀԱԿ-ը և անգամ Հանրապետականի  որոշ մասնիկներ մեր քաղաքացիական հասարակությունը կարող է փրկել այս վիճակը և վերադարձնել Հայաստանի իշխանությունը ժողովրդին։ Շնորհակալություն այս հյուրընկալության համար։ Գնահատում եմ Ձեր ներդրումը և նաև՝ Ձեր հավաքականի։ Մենք գիտենք, որ մեզնից բարձր կա մի շահ, որ հայրենիքի շահն է և այդ շահի համար մենք միասին այսօր հանդիպել ենք, շնորհակալություն»,- ասել է Ր. Հովհաննիսյանը։

«Պրն Հովհաննիսյան, ամենակարևորը՝ Դուք գիտեք, որ մենք մեր տեսակետը, մեր հայտարարությունը արել ենք։ Կարող ենք իրար հետ հանդիպել, շփվել, քննարկել այն խնդիրները, որ օգուտ են ժողովրդին։ Մենք դրան կողմնակից ենք։ Ես իմ թիմակիցներին ասել եմ, մեկ անգամ ևս ուզում եմ ասել, որ մենք ոչ մի թշնամի կուսակցություններ չունենք։ Մենք բոլորի հետ պատրաստակամ ենք հանդիպելու, քննարկելու և լիարժեք որն օգուտ է ժողովրդին, դա իրականություն դարձնելու»,- ասել է Գ. Ծառուկյանը։

«Ժառանգության» կողմից հանդիպմանը մասնակցել են Րաֆֆի Հովհաննիսյանը, Ռուբեն Հակոբյանը և Հովսեփ Խուրշուդյանը, իսկ ԲՀԿ-ի կողմից՝ Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը և Վահե Հովհաննիսյանը։

Նշենք, որ երկու կուսակցություններն էլ՝ ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», մոտ երկու ժամ առաջ հաղորդագրություն էին տարածել հանդիպման մասին՝ նշելով, որ այն եղել է դռնփակ և տևել է 3 ժամից ավելի։

Տեսանյութեր

Լրահոս