«Հրաժարակա՛ն տվեք, որովհետև դուք` որպես ազնվական ընտանիքի որդի, հեգնել եք ժողովրդին». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Տարոն Մարգարյանին
Ազատության հրապարակում մեկնարկեց Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: «Ժառանգության» առաջնորդը նախ բարևեց ներկաներին, ապա նշեց, որ այսօր ևս մի փոքր պատրաստվել է ելույթին: Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրեց, որ 21 տարի առաջ այս օրը, 1992-ին ՀՀ-ն դարձավ ՄԱԿ-ի լիարժեք անդամ, իսկ փետրվարի 18-ին նոր Հայաստանի ծննդյան տարեդարձին հայ ժողովուրդը Սահմանադրությունը բերեց ՀՀ:
«Այս պահը, սիրելի հայրենակիցներ, հսկա, աննախադեպ պատասխանատու պահ է: Պատմություն կերտող պահ է մեր ժողովրդի համար, և բոլորս դա գիտակցում ենք»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ասաց, որ թույլ չի տա ժողովրդի իրավունքը տանել նրանից:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց՝ շատ են խոսել, թե ծրագիր չկա, հստակություն չկա. «Թող հստակ լինի. ես ունեմ միայն 1 ծրագիր, 1 ռազմավարություն, 1 հստակ անելիք: Հայաստանի քաղաքացիների և հայ ժողովրդի մասնակցությամբ պաշտպանելու ենք ժողովրդի իրավունքը և ի կատար ենք ածելու մեր պահանջը: Մեր պահանջն է, և իրենք կատարելու են մեր պահանջը: Քանի որ մինչ հիմա չունեմ Սերժ Սարգսյանից որևէ առաջարկ՝ հայ ժողովրդի պահանջը լուծելու համար, ես նրան հրավիրում եմ այստեղ՝ հրապարակ: Հրավիրում եմ, որ գա այստեղ և ճանաչի հայ ժողովրդի հաղթանակը, որ նա ոչ թե իմ, այլ հայ ժողովրդի պահանջով ինքնաբացարկ տա մինչև ապրիլի 9-ը»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ, եթե Սերժ Սարգսյանն ինքը չի ուզում խորացնել այս տագնապը, եթե հարգում է իր ընտանիքին, սիրում է մեր հայրենիքը, պիտի գա Ազատության հրապարակ և թույլ չտա, որ ժողովրդը երկար սպասի: Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորեց Սերժ Սարգսյանին՝ չփորձել թագավորել իրեն չճանաչող ժողովրդին:
«Ժառանգության» առաջնորդն Ազատության հրապարակ կանչեց նաև գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ ժողովրդի առաջ պատասխան տալու աղքատության, անգործության, արտագաղթի, մենաշնորհների, բնության խեղման համար: Ուժային և դատական պետական իշխանությունների հակաիրավական գործունեության համար: «Ամոթ Ձեզ Թեղուտի որոշման համար»,- ասաց նա:
Ազատության հրապարակ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հրավիրվեց նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Հրաժարակա՛ն տվեք, որովհետև դուք՝ որպես ազնվական ընտանիքի որդի, հեգնել եք ժողովրդին»: