Աշխարհի պետությունների շնորհավորական ուղերձներում առյուծի բաժին են կազմում ակնկալիքները Սերժ Սարգսյանից. Ստեփան Սաֆարյան
Փետրվարի 25-ին ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: Սակայն նրա շնորհավորական ուղերձում կար մեկ այլ ուշագրավ կետ, որտեղ նա խոսում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման մասին: Մասնավորապես, նա իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու ՀՀ նախագահին` գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցային լուծում, սակայն միաժամանակ կարծիք հայտնեց, որ չի կարող բավարարվել հակամարտության ներկայիս վիճակի պահպանմամբ: «Մենք չենք կարող բավարարվել ստատուս-քվոյի պահպանմամբ, մենք պետք է օգտագործենք այս ժամանակահատվածը՝ խաղաղ գործընթացին նշանակալի աջակցություն ապահովելու համար»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Մեկնաբանելով Ջոն Քերրիի վերոնշյալ դիտարկումը` նախագահական ընտրությունների արդյունքները մերժած Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցներից մեկը` «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց. «Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել շտապած աշխարհի պետությունների շնորհավորական ուղերձներում, եթե ուշադրություն դարձնեք, առյուծի բաժին են կազմում ակնկալիքները Սերժ Սարգսյանից: Այսինքն՝ միանշակորեն հստակ է, որ Սերժ Սարգսյանի «վերընտրությունը» ճանաչվել է սպասումով, որ նա կլուծի այս կամ այն խնդիրը»:
Ստեփան Սաֆարյանը նկատեց, որ Եվրամիության անդամ երկրների ղեկավարների հայտարարություններում ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը պետք է ընդունի Եվրամիություն-Հայաստան կտրվածքով առանցքային որոշումներ:
«Նույն կերպ Միացյալ Նահանգների պետքարտուղարի ուղերձում է, և նրանք բոլորն էլ, ոչ միայն այդ խնդիրների` Հայաստան-Արևմուտք հարաբերությունների կտրվածքով, այլ նաև ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ ունեն որոշակի ակնկալիքներ և գրեթե հասկացնում են, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը ճանաչում են այդ խնդիրների դիմաց»,- ավելացրեց «Ժառանգության» վարչության գլխավոր քարտուղարը: