«2008թ. Մարտի 1-ի զոհերի պատասխանն ո՞վ է տալու». Արմեն Ռուստամյան
Այսօր ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ ճեպազրույցին նշեց, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կամա թե ակամա դարձավ միասնական թեկնածու այն ֆոնի վրա, որ ստեղծվեց մի մասի չմասնակցությամբ: Նրա խոսքով՝ շատ ակնառու է այն, որ առաջին փուլը վերածվեց երկրորդ փուլի: Վերջինս անդրադարձավ նաև այն հարցին, որ 2008թ. ՀՅԴ-ն ընդդիմության հետ հարթակ չբարձրացավ, այլ այդ ժամանակ կազմեց կոալիցիայի մաս, երբ հասարակությունն ավելի լարված էր, մինչդեռ հիմա կանգնել են ընդդիմության թեկնածուի կողքին: Թե ի՞նչն է ստիպել, որ ՀՅԴ-ն դիմի այդ քայլին, Ա. Ռուստամյանը պատասխանեց, թե այդ ժամանակ վերջը չէին տեսնում: «Այլ հակառակը՝ տեսնում էինք, դժբախտաբար, որ կարող էր հանգեցնել այդ զոհերին, և եթե հիշում եք՝ ցույցեր էինք անում, կանանց ցույց կազակերպեցինք, խաղաղության կոչեր արեցինք, որ էս ճանապարհն արյունահեղության ճանապարհ է, դա լավ տեղ չի տանում ու տարավ: 2008թ. Մարտի 1-ի զոհերի պատասխանն ո՞վ է տալու: Տրվա՞ծ է այդ պատասխանը»,- ասաց Ա. Ռուստամյանը: Նրա խոսքով՝ Ազատության հրապարակում ինքն արդեն պատասխանել է այն հարցին, թե ինչո՞ւ են կանգնել ընդդիմադիր թեկնածուի կողքին: «Մենք էդտեղ ենք, որովհետև մեր ժողովրդի զգալի մասն այդտեղ է՝ մեկ: Երկրորդը՝ սահմանադրական օրինական ճանապարհով առաջ գնալու խնդիր է դրվում: Եվ երրորդը, որ շատ կարևոր և հստակ է՝ կոնկրետ օրակարգով կոնկրետ լուծումներ տեսնելու հեռանկար ունենք այսօր»,-նշեց Ա. Ռուստամյանը, ում խոսքերով՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու դեպքում կարձանագրվեն լուրջ փոփոխություններ, երբ արդեն չի լինի միահեծան իշխանություն: