
Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու նպատակով մեկնել է Փարիզ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Փարիզ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Մամեդյարովը Փարիզում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և քննարկելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
Հիշեցնենք, որ համանախագահները վերջին անգամ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպել են այս տարվա հունվարի 28-ին, Փարիզում: Փետրվարի կեսերին էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը հայտարարել էր, թե համանախագահները շուտով դարձյալ Փարիզում նախ առանձին հանդիպումներ պետք է անցկացնեն Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ, իսկ հետո հանդիպումն անցկացվելու է «3+2» ձևաչափով: