Բաժիններ՝

Դատավոր Մենագուլյանի լիազորությունները կարող են դադարեցվել

Արդարադատության խորհուրդն այսօրվա նիստում  բավարարել է  Կարգապահական հանձնաժողովի կողմից  ներկայացված երեք դատավորներին  կարգապահական պատասխանատվության  ենթարկելու մասին միջնորդությունները:

ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի տեղեկացմամբ, ԱԽ-ն որոշել է դիմել Հայաստանի Հանրապետության նախագահին` Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ: Դատական համակարգի ինտերնետային էջի համաձայն, Վերջինս որպես դատավոր է աշխատում 1999 թվականից, մասնավորապես 1999 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում որպես դատավոր, իսկ 2008 թվականից մինչ օրս Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։

Դատավորի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ հանդես գալու պատճառների մասին պաշտոնական հաղորդագրությունը չի նշվում։

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանին հայտարարվել է  նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով: Իսկ  Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ալվարդ Հունանյանին հայտարարել նախազգուշացում:

Արդարադատության խորհուրդը  հաստատել  է Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի նոր կազմը` Ա. Խաչատրյան – դատավոր, Կ. Բաղդասարյան – դատավոր, Գ. Բադիրյան- իրավաբան-գիտնական` գործունեության ժամկետը սահմանելով 2013 թվականի մարտի 2-ից մինչև 2014 թվականի մարտի 2-ը:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս