«Խոսրովի անտառ»-ի աշխատակիցները ետ են վերցրել իրենց բողոքը
Որոշ ժամանակ առաջ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները նամակով դիմել էին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին և մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Նամակում նրանք արտահայտել էին իրենց բողոքը արգելոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Հովակիմյանի նկատմամբ, նշելով, որ նա իրենց անհեթեթ և տրամաբանությունից զուրկ հանձնարարություններ է տալիս, առանց հիմնավոր պատճառների պահանջում աշխատանքից ազատման դիմում գրել:
168.am-ի հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանն ասաց, որ աշխատակիցները ետ են վերցրել իրենց բողոքը, քանի որ թյուրիմացություն է եղել. «Աշխատանքի պետական տեսչությունն այժմ ստուգումներ է իրականացնում «Խոսրովի անտառ պետական արգելոցում»: Կա նաև արգելոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի զեկուցագիրը»:
Ըստ որոշ տեղեկությունների՝ նամակի տակ ստորագրած որոշ անձանց ստորագրությունները կեղծվել են. աշխատողներից ոմանք հանրապետությունում չեն եղել, սակայն նրանց ստորագրություններն առկա են նամակում:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հովակիմյանը «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրեն նշանակվել է 2012-ի դեկտեմբերի 10-ին: 2013-ի փետրվարի 7-ին բնապահպանության նախարարությունը մրցույթ հայտարարեց տնօրենի թափուր պաշտոնի համար: Դիմումների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 27-ն էր: Մրցույթը կանցկացվի մարտի 15-ին: