Թուրքական օդուժը վերստին ռմբակոծել է Հյուսիսային Իրաքը. քրդերը զայրացած են

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ թուրքական ավիացիան վերստին ռմբահարել է Հյուսիսային Իրաքը, ուր գտնվում են Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) ճամբարները:

Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները երեկ գիշեր հարվածել են Ղանդիլի լեռան վրա գտնվող երեք թիրախի: Գիշերային այդ գործողությանը մասնակցել է 5 հատ F-16, որոնք անօդաչու հետախուզական ինքնաթիռների տվյալները ստանալուց հետո Դիարբեքիրի իրենց բազայից դուրս են եկել ժամը 01.00-ին, հարվածել են Հյուսիսային Իրաքին ու հետ են վերադարձել Դիարբեքիր:

Քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) գլխավոր քարտուղար Սելահաթթին Դեմիրթաշը խստորեն դատապարտել է այդ հարձակումը՝ հիշեցնելով, որ իր ելույթներում վարչապետ Էրդողանը PKK-ի մարտիկներին կոչ է անդում վայր դնել զենքը և լքել երկիրը, և միևնույն ժամանակ հարձակումներ է գործում երկրի սահմաններից դուրս գտնվող Ղանդիլի վրա: Նա հավելել է, որ եթե Էրդողանը չի ցանկանում խաղաղություն, ապա PKK-ն կպատասխանի համապատասխան կերպ:

Նշվում է, որ ԽԺԿ-ի պատվիրակությունը երեկ գիշեր մեկնել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլ՝ իր հետ տանելով PKK-ի հիմնադիր Աբդուլլահ Օջալանի նամակը, ով 1999 թվականից ցմահ ազատազրկում է կրում Մարմարա ծովի Իմրալը կղզում:

Հիշեցնենք, որ թուրքական մամուլը գրել է, որ Օջալանը պատրաստել է «Քրդական հարցի» կարգավորման եռաքայլ պլան:

Տեսանյութեր

Լրահոս