Կառավարությունը աջակցություն է ցուցաբերում գյուղացիական տնտեսություններին
Նկատի առնելով այն հանգամանքը, որ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերից, ՀՀ մի քանի նախարարությունից և գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններից ՀՀ գյուղատնտեսության նախարարություն է ներկայացվել դիզելային վառելանյութի ավելի քան 300 հազար լիտրի, ազոտական պարարտանյութի ավելի քան 4 հազար տոննայի լրացուցիչ պահանջարկ` ՀՀ կառավարությունը որոշել է բավարարել այն` ավելացնելով մատակարար կազմակերպություններին տրամադրվող սուբսիդիայի և դրամաշնորհի չափը։ Այսպիսով, վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, պետությունը 100 տոկոսով բավարարել է գյուղացիական տնտեսություններից ստացված հայտերը։ Սա երկրի հողօգտագործողների համար լուրջ աջակցություն կհանդիսանա գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում, մասնավորապես կբարձրացնի գյուղացիական տնտեսությունների եկամտաբերության մակարդակը և գյուղատնտեսությամբ զբաղվելը կդարձնի շահավետ։
Կառավարությունը լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում նախատեսվող հակահեղեղային միջոցառումների իրականացման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել մոտ 680 մլն դրամ։ Դրանով իսկ գարնանային վարարման ժամանակ կկանխվի գետերի ամենախոցելի 14 տեղամասերի ու հեղեղատարների ափերի և ափապաշտպան արգելաթմբերի քայքայումն ու փլուզումը, առափնյա տարածքները զերծ կմնան ողողումից։ «Այս խնդրին մենք անդրադառնում ենք տարեկան երկու անգամ և կառավարության պահուստային ֆոնդից շուրջ 700 մլն դրամ հատկացնում դրա իրագործմանը, – հավելել է վարչապետը։ – Սա այս տարվա առաջին հատկացումն է, աշնանը կլինի նաև երկրորդը»։
Քանի որ Եվրոպական միության երկրներում ս.թ. մարտի 1-ից կիրառվելու է մարդու սպառման համար վայրի ջրային կենդանիների ներմուծման առողջության սերտիֆիկատի նոր ձևաթուղթ, գործադիրը համապատասխան փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ։
ՀՀ կառավարությունը հաստատել է «2013 թ. սննդամթերքի լաբորատոր փորձաքննություններ» ծրագիրը, որի իրականացումը հնարավորություն կտա կատարելագործել սննդամթերքի անվտանգության ոլորտի պետական վերահսկողությունը։
Կառավարության որոշմամբ ավելի քան 33 մլն դրամ է հատկացվել Արմավիրի մարզի Աղավնատուն և Գայի գյուղական համայնքներում հայտնաբերված բույսերի վնասակար օրգանիզմ համարվող որդալվիճի (ֆիլոքսերա) դեմ պայքարի միջոցառումների իրականացման համար։ Մասնավորապես, քանդելու, ոչնչացնելու և բույսերի պաշտպանության ընթացիկ միջոցառում է իրականացվելու ավելի քան 8 հեկտար այգիներում։ Քանդված այգիների սեփականատերերին հատկացվելու է համապատասխան աջակցություն։