Ռուս փորձագետները վրացական գինեգործական ձեռնարկություններում երկրորդ ստուգումը կանցկացնեն մարտի կեսին

Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայության (Роспотребнадзор) ղեկավար, Ռուսաստանի գլխավոր սանիտար Գենադի Օնիշչենկոն պլանավորել է Վրաստան այցելել այն բանից հետո, ինչ այդ երկրից կվերադառնան իր գերատեսչության աշխատակիցները:

Վերջիններս ստուգումներ են անցկացնում վրացական այն ձեռնարկություններում, որոնք արտադրում են գինի ու հանքային ջուր և որոնք ցանկանում են վերսկսել իրենց արտադրանքի արտահանումը Ռուսաստան: Օնիշչենկոն ընդգծել է, որ այդ ստուգումներն անցկացվում են հաստիքային ռեժիմով, և իր գերատեսչության աշխատակիցները Մոսկվա կվերադառնան մարտի 1-ին:

Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Կիրվալիձեն իր հերթին հայտարարել է, որ Роспотребнадзор-ի փորձագետների հաջորդ վրացական այցը տեղի կունենա մարտի կեսերին: Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ ռուսական շուկա վերադառնալու ցանկություն է հայտնել վրացական մոտ 80 ընկերություն:

Նախարարն ընդգծել է, որ Роспотребнадзор-ի առաջին պատվիրակությունը ստուգումներ է անցկացրել 40 գինեգործական ու 4 հանքային ջուր արտադրող գործարաններում, իսկ երկրորդ պատվիրակությունը ստուգումներ կանցկացնի մնացյալ ձեռնարկություններում:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին քննադատել է վրացական ձեռնարկություններում ռուս փորձագետների կողմից ստուգումներ անցկացնելը՝ ընդգծելով, որ եթե բավարական երշիկն առանց ստուգման մուտք է գործում Ռուսաստան, ապա մնացածի մասին ավելորդ է նշել:

Տեսանյութեր

Լրահոս