Րաֆֆի Հովհաննիսյանը վիճարկում է ԿԸՀ-ի անգործությունը

Երեկ ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ վիճարկելով վերջինիս անգործությունը: Գործը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանին:

Ր.Հովհաննիսյանը պահանջում է ԿԸՀ-ին պարտավորեցնել «ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ավելի քան 1600 քարոզչական շտաբների ու դրա վրա տեղադրված քարոզչական պաստառների շուկայական արժեքը և դրա ծախսերը ներառել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզչական ծախսերի մեջ» և անվավեր ճանաչել ՀՀ ԿԸՀ թիվ 60-Ա որոշումը: Րաֆֆի Հովհաննիսյանը դիմում էր ներկայացրել վերոհիշյալ խնդրով՝ խնդրելով ԿԸՀ-ից դիմել դատարան՝ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը ուժը կորցրած ճանաչելու պահանջով: Փետրվարի 25-ի որոշմամբ ԿԸՀ-ն մերժել էր Ր.Հովհաննիսյանի դիմումը: ԿԸՀ-ն արձանագրել էր, որ Ընտրական օրենսգրքով նախատեսված այն դեպքը, երբ ընտրական հանձնաժողովն առանց նախազգուշացման ուղղակի դիմում է դատարան՝ թեկնածուի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով, վերաբերում է բացառապես այնպիսի խախտումներին, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա: ԿԸՀ-ն արձանագրել է նաև, որ բողոք ներկայացնող անձը չի ներկայացրել իրավական հիմնավորումներ կամ պատճառաբանություններ՝ հիմնավորելու իր կողմից ներկայացված փաստերի ազդեցությունը ընտրությունների արդյունքին:

Փաստինֆո

Տեսանյութեր

Լրահոս