
Արտակարգ իրավիճակ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին. ձնաբքի տակ են մնացել 50-ից ավելի տրանսպորտային միջոցներ

Այսօր՝ փետրվարի 28-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձնաբքի պատճառով թվով 50 ավտոմեքենա մնացել են ձնաբքի տակ:
Տրանսպորտային ոչ մի միջոց չի կարողանում անցնել նշված ճանապարհով, իսկ այնտեղ ժամանած Ճան. շին.-ի աշխատակիցները չեն կարողանում ճանապարհից հեռացնել ձյունը՝ պատճառաբանելով, որ տրակտորը չի աշխատում:
Քաղաքացիները փորձում են իրար օգնելով ավտոմեքենաները դուրս բերել ձնաբքի տակից, ինչը մեծ դժվարությամբ է կատարվում:
Կատարվածի մասին ֆոտոլրագրողն արդեն հայտնել է ՀՀ Արտակարգ Իրավիճակների և Կապի ու Տրանսպորտի նախարարություններ, որտեղից հայտնել են, թե կժամանեն համապատասխան աշխատողներ:
Քաղաքացիներին օգնության են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները, սակայն նրանք նույնպես մնացել են ձնաբքի տակ:
Քաղաքացիներն արդարացիորեն զայրացած հայտնում էին, թե չգիտեն՝ ինչքան կտևի այս «շրջափակումը»: