«Կառավարությունը բացահայտ հովանավորում է ապօրինի գործունեությունը» (տեսանյութ)
Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել մի խումբ ակտիվիստներ. նրանք իրենց բողոքն էին արտահայտում Էկոնոմիկայի նախարարության նոր նախագծի դեմ, համաձայն որի՝ 3 տարով հարկային արտոնություններ կտրվեն Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը շահագործող ընկերությանը։ Ակցիայի մասնակից Արթուր Գրիգորյանը նշեց, որ դեմ է հանքավայրը շահագործողին արտոնություններ տալուն, քանի որ հանքի շահագործումն անօրինական է, և 2010-ից սկսած՝ հանքը շահագործողի գործողություններում կան քրեական հանցագործության հատկանիշներ:
«Խնդիրը հետևյալն է. մենք նախորդ տարվա դեկտեմբերին 2 դիմում ենք ներկայացրել, մեկն՝ իրավապահ մարմիններին, մյուսը՝ Բնապահպանության նախարարությանը: Պահանջել ենք, որ իրենք ուսումնասիրություն անեն՝ պարզելու համար՝ արդյո՞ք հիմա շահագործումն իրականացվում է 2007-ին թույլատրված նախագծին համապատասխան. մեր ձեռքի տակ տվյալներ կան, որ 2010-ին նոր նախագիծ է իրականացվել, որը չի անցել փորձաքննություն:
Հիմա ստացվում է հետևյալը, որ այդ մարմինները ոչ մի կերպ չեն արձագանքել, բացարձակ զրո արձագանք: Սրանից բխում է, որ այդ մարդիկ մի ընդհանուր օղակի մեջ են գտնվում պետական կառավարման համակարգի հետ: Ոչ ոք չի ուզում զբաղվել այս հարցով: Հետևապես մեր դատարկ պաստառները խորհրդանշում են, որ այլևս ասելիք չկա, ամեն ինչ պարզ է, և այստեղ մնում է միայն մի բան՝ Թեղուտի, Ամուլսարի, Հրազդանի նման հարցերի լուծման համար մի ճանապարհ է մնում՝ այս իշխանության տապալումը, ուրիշ տարբերակ չկա»,- ասաց Արթուր Գրիգորյանը:
«Հանքավայրը շահագործող ընկերությանն առավելություն տալը դիտարկում ենք՝ որպես ևս մեկ փաստ, որ Կառավարությունը բացահայտ հովանավորում է հակաօրինական, ապօրինի գործունեությունը»,- նշեց «Էկոդար» հ/կ-ի նախագահ Հրայր Սավզյանը: