ԱՄՆ-ը միայն սննդամթերք ու դեղորայք կմատակարարի սիրիացի ապստամբներին
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը մտադիր է զերծ մնալ սիրիական ընդդիմությանը ռազմական օգնություն ցուցաբերելուց: Վաշինգտոնը վախենում է, որ եթե զենք մատակարարի սիրիական ընդդիմությանը, ապա այն կարող է հայտնվել վերջինիս շարքերում գտնվող ահաբեկիչների ձեռքում:
Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ը պլանավորել է սկսել սննդամթերքի ու դեղորայքի մատակարարում սիրիացի ապստամբների ջոկատներին, որոնք շարունակում են պայքարել նախագահ Բաշար Ասադի զորքերի դեմ: Այս մասին ամերիկացի լրագրողներին հայտնել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի շրջապատում եղած աղբյուրները:
Ջոն Քերին այսօր իր եվրոպացի գործընկերների հետ մասնակցելու է Հռոմում կայանալիք «Սիրիայի բարեկամների խմբի» հանդիպմանը: Պլանավորված է, որ այդ հանդիպման ժամանակ պետք է համաձայնեցվի սիրիական հակամարտության հանդեպ Արևմուտքի երկրների նոր ռազմավարությունը: