
Ֆրանսիան զենք չի մատակարարում Սիրիային. Ֆրանսուա Օլանդ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիան պահպանում է Սիրիային զենք մատակարարելու վրա դրված բեռնարգելքը և հուսով է, որ առաջիկա շաբաթներին կհաջողվի գտնել այդ հակամարտության քաղաքական կարգավորումը.
«Ֆրանսիան պահում է իր խոսքը: Գոյություն ունի բեռնարգելք, որը սահմանվել է Եվրոպայի կողմից, և մենք պահպանում ենք այդ բեռնարգելքը: Սակայն եթե կողմերից մեկի մոտ առկա է զենքի պահանջարկ, ապա չպետք է բացառել այլ երկրների կողմից դրա մատակարարման հնարավորությունը, այդ զենքը կհայտնվի վատ ձեռքերում:
Եթե մենք չգտնենք հարցի քաղաքական լուծումը, ապա զենքի մատակարարումները կշարունակվեն, սակայն ոչ Ֆրանսիայի կողմից: Սիրիական ընդդիմադիր բանակը շարունակում է ստանալ այն: Հուսով եմ, որ առաջիկա շաբաթներին կհաջողվի գտնել հարցի քաղաքական որոշումը, որը հնարավորություն կտա վերջ դնել հակամարտության էսկալացիային»: