«Ի՞նչ պետք է անի ԲՀԿ-ն`Րաֆֆիին տրակտորնե՞ր պիտի տա, որպեսզի նա բաժանի»

««Ժառանգության» համար  էական նշանակություն չունի` ՀԱԿ-ն ի՞նչ կասի: Նրանք փորձում են տեր կանգնել իրենց քվեին, ալիքը բերել տրամաբանական մի ավարտի այնպես, ինչպես իրենք են պատկերացնում: Թե ՀԱԿ-ն ի՞նչ կասի, նրանց համար էական նշանակություն չունի, իսկ այդ նշանակություն չունենալը պարզապես կապված է Հայաստանի քաղաքական դաշտում ՀԱԿ-ի  տեսակարար կշռի բացակայությամբ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի»  փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա  կարծիքով՝  ՀԱԿ-ն, իբրև քաղաքական միավոր, իրեն սպառել է, և թեև ՀՀՇ-ն ՀԱԿ վերանվանելով`  Լևոն Տեր-Պետրոսյանը փորձ արեց իրավիճակը փոխելու, բայց դա հաջողության որևէ շանս չունեցող փորձ էր: Խոսելով խորհրդարանական մյուս ոչ իշխանական ուժերի հետընտրական գործողությունների մասին`Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ ՀՅԴ-ն փորձեր է անում քաղաքական պրոցեսներին վերադառնալու համար: Փորձագետի կարծիքով՝ ՀՅԴ-ն հակասական քայլ չի կատարել, երբ ընտրություններին որևէ թեկնածուի չսատարեց, բայց եկավ Ազատության հրապարակ` Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին: «Սատարելով Րաֆֆի Հովհաննիսյանին` նրանք պարզապես վերակողմնորոշում են իրենց շարքերին` փորձելով վերադառնալ քաղաքական պրոցեսներին: Նրանց  քաղաքական վարքում, այնուամենայնիվ, տրամաբանություն կա: Ի վերջո, ՀՅԴ-ն քաղաքական կուսակցություն է և քաղաքական կազմակերպություն է, որի հետ կարելի է համաձայնել կամ չհամաձայնել, բայց նրա բովանդակությունը քաղաքական է»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այստեղ Ռուբեն Մեհրաբյանի գնահատականներն ավելի խիստ են: Հարցին, թե հնարավո՞ր է`Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունների հստակեցումից հետո ԲՀԿ-ն սատարի նրան, Ռուբեն Մեհաբյանը պատասխանեց. «Եվ ի՞նչ կլինի դրա արդյունքում: Ի՞նչ բան է  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: ԲՀԿ-ն երկրորդ տեղը զբաղեցրեց ՀՀԿ-ից հետո, իսկ նախագահական ընտրություններին այլևս ձայն չունի, որովհետև մասնակից չունի, որովհետև դուրս է քաղաքական պրոցեսից:  Ի՞նչ պետք է անի ԲՀԿ-ն`Րաֆֆիին տրակտորնե՞ր պիտի տա, որպեսզի նա բաժանի: Ես ուղղակի կոչ կանեմ՝ նման պատրանքներից և խաբկանքներից հեռու մնալ»:

 

Ռուբեն Մեհրաբյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս