Պակիստանի նախագահը ժամանել է Թեհրան

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի գլխավորած պատվիրակությունն այսօր ժամանել է Թեհրան: Զարդարիի իրանական այցը տևելու է 2 օր:

Զարդարիի պատվիրակության կազմում է նաև Պակիստանի նավթարդյունաբերության նախարարը: Թեհրանում Զարդարին հանդիպումներ է ունենալու իրանցի մի շարք բարձրաստիճան չինովնիկների, այդ թվում նաև նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:

Այդ հանդիպումների արդյունքում կողմերը ստորագրելու են տնտեսական փաստաթղթղեր և քննարկելու են Պակիստանին իրանական գազի մատակարարման հարցը: Նախորդ տարվա նոյեմբերի 22-ին իր պակիստանյան այցի ժամանակ Ահմադինեժադը կարևորել էր «Իրան-Պակիստան» գազատարի կառուցումը ժամանակին ավարտելը:

Կանխատեսվում է, որ այդ գազատարով Իրանը կկարողանա օրական 21.5 միլիոն խորանարդ մետր գազ արտահանել Պակիստան: Գազատարի կառուցման արժեքը գնահատվում է 1.2-1.5 միլիարդ դոլար: Իրանն արդեն իսկ իր տարածքում կառուցել է գազատարի 900 կիլոմետրանոց հատվածը:

Տեսանյութեր

Լրահոս