Իլհամ Ալիևն ընդունել է Միխեիլ Սաակաշվիլիին
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պաշտոնական այցով այսօր ժամանել է Ադրբեջան: Սաակաշվիլին իր կնոջ հետ Թբիլիսիի օդանավակայան է ժամանել առանց թիկնազորի, իր վարած էլեկտրամոբիլով:
Սաակաշվիլին դրանից առաջ հրաժարվել է Պետական պահպանության հատուկ ծառայությունից, քանի որ նրա ղեկավարի պաշտոնից հեռացվել էր Թեմուր Ջանաշիան և նրա փոխարեն նշանակվել էր Անզոր Չուբինիձեն, ով եղել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի թիկնազորի պետը:
Ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը հայտնել է, որ նախագահ Իլհամ Ալիևն արդեն իսկ ընդունել է Սաակաշվիլիին: Հանդիպումը նախ անցել է տետ-ա-տետ ձևաչափով, ապա՝ ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած մի շարք հարցեր: Նրանք գոհունակություն են հայտնել տարբեր ուղղություններով Վրաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ և վստահություն են հայտնել, որ հետագայում էլ ավելի են ամրագրվելու դրանք: