Նորոն կերգի ամերիկյան մեգա աստղի հետ
Երգիչ Նորոն, ըստ որոշ խոսակցությունների, ինչպեսև շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ, մեկնել է ԱՄՆ՝ աշխատելու և մշտական բնակություն հաստատելու նպատակով: 168.am-ը զրուցել է Նորոյի հետ:
-Ըստ որոշ խոսակցությունների՝ Հայաստանից հեռացել եք՝ ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու նպատակով: Տևական ժամանակ է, հայկական հեռուստաեթերում չեք երևում:
-Ես Հայաստանը չեմ լքել, ուղղակի որոշ ժամանակով մեկնել եմ Ամերիկա: Եկա մրցանակաբաշխություններից մեկին մասնակցելու և մնացի: Այժմ ունեմ 10 տարի ժամկետով «Green» քարտ, բայց այս տարի ցանկանում եմ գալ իմ երկիր: Այստեղ ապրում եմ իմ ընտանիքի, ծնողներիս հետ, ունեմ 6 ամսական որդի՝ Տիգրանս: Ամուսնացել էի այստեղ՝ 2010թ. Հոլիվուդի Սուրբ Ալեքսանդրիա եկեղեցում:
-ԱՄՆ-ում ինչո՞վ եք զբաղված:
-Այժմ իմ բենդի հետ միասին երգում եմ նորաբաց «Bouvardia» ռեստորանում: Մարդկանց հաճելի երաժշտություն ենք մատուցում շաբաթը 5 օր: Թեև այստեղ եմ, բայց աշխատում եմ: Նոր երգեր, տեսահոլովակներ ունեմ: Ունեմ նոր երգ Շուշան Պետրոսյանի հետ: Արդեն նկարահանել ենք տեսահոլովակը: Նյութն այժմ գտնվում է մոնտաժային փուլում: Վերջացրել եմ իմ առաջին CD-ի աշխատանքները: Ունեմ դուետ Լիլիթ Հովհաննիսյանի հետ: Երգն արդեն ձայնագրել ենք: Այն ներառված կլինի նաև իմ նոր CD-ի մեջ: Նշեմ նաև, որ շատ մեծ անակնկալ ունեմ իմ հանդիսատեսի համար: Ցանկանում եմ համագործակցել ամերիկյան մեգա աստղերից մեկի հետ: Այժմ նրա հետ բանակցություններ ենք վարում: Առաջարկն արդեն ընդունվել է, հիմա փորձում ենք ընթացիկ հարցերի մասին պայմանավորվել»:
-Պատմեք Ձեր և Շուշան Պետրոսյանի համագործակցության մասին:
-Շուշան Պետրոսյանի հետ համատեղ աշխատանքի մասին ասեմ, որ տեսահոլովակը նկարահանել ենք առանձին-առանձին: Ես նկարահանվել եմ այստեղ, Շուշան Պետրոսյանն այդտեղ՝ Հայաստանում: Երգի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է: Այն կոչվում է՝ «Շուտով»: Կարծում եմ՝ շատ շուտով երգը կհանձնենք հանդիսատեսի դատին:
-Հնարավո՞ր է, այնուամենայնիվ, աշխատանքային ծրագրերի հաստատման դեպքում շարունակեք այդտեղ ապրել:
-ԱՄՆ-ում երկար ապրել չեմ պատրաստվում՝ Աստված չանի: Ես կարոտել եմ իմ Հայաստանը և անպայման վերադառնալու եմ: Իմ ՝ երգարվեստի հետ կապված աշխատանքները շարունակելու եմ թե՛ այստեղ, թե՛ Հայաստանում: Ուզում եմ ասել, որ հայ եմ և հայաստանցի՝ ուր էլ որ գնամ և որտեղ էլ որ ապրեմ: Ուզում եմ ցանկանալ հայ ազգին առողջություն և ասել, որ շատ կարոտել եմ այն, ինչ կապված է հայի և Հայաստանի հետ: