Մենք Րաֆֆիին ե՞րբ ենք վախեցրել, որ ինքն էլ վախենա կամ չվախենա

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկնաբանելով երեկ Արտաշատում ժողովրդի հետ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի  հանդիպման ընթացքում քաղաքացիական համազգեստներով անձանց կողմից հավաքի մասնակիցներին տեսագրելու փաստը, ասաց. «Ինչի՞ միայն Արտաշատը: Ես լրատվամիջոցներին կոչ եմ անում, որ լինեն կոռեկտ, ճիշտ տեղեկատվություն տարածեն, որպեսզի մեր հասարակությունը ճիշտ կողմնորոշվի: Ցավոք սրտի, միշտ այդպես չէ, բայց ես ըմբռնումով եմ մոտենում, քանի որ որոշ լրատվամիջոցներ ասում են, որ եթե Ձեր մասին գրում ենք, Ձեր մասին ավելի շատ հետաքրքրություն կա: Ես դրա համար շատ ուրախ եմ, բայց մեծ մասը գրվածների իրականությանը չի համապատասխանում: Ինչ վերաբերում է Արտաշատի դեպքին, ես ինքս asekose կայքում նայել եմ և էնտեղ հստակ երևում է, թե Րաֆֆի Հովհաննիսյանին ուղեկցող երիտասարդը ոնց է խփում այդ նկարահանողին»: Հիշեցնենք՝ Հ. Աբրահամյանը ծնվել, մեծացել և աշխատել է  Արտաշատում, այդ իսկ պատճառով  այդ տարածքն իր և իր հարազատների ազդեցության տարածք է համարվում: Ինչ վերաբերում է Արտաշատում իր ունեցած ազդեցությանը, Հ. Աբրահամյանը նշել է.  «Ես այսօր վարչական լծակ չունեմ, բոլորին հայտնի է, ճիշտ է, չէ՞՝ այս վերջին տարիներին: Երևի հիշում եք՝ ես 95 թվին ընտրվել եմ պատգամավոր Արտաշատում, հետո՝ քաղխորհրդի  գործկոմի նախագահ, այնուհետև մարզպետ եմ աշխատել: Ես իրականությունը Ձեզ ասեմ, որ դա իմ աշխատած տարիների վերաբերմունքն է, որ ժողովուրդն ինձ ընդունում է, և բազմաթիվ առիթներով դուք կարող եք հանդիպել մարդկանց հետ, և շատ քիչ դեպքեր են եղել, որ, եթե մարդիկ ինձ դիմել են, ես իրենց չեմ աջակցել,  չեմ օգնել, իհարկե, իմ հնարավորության սահմաններում: Սա է  իրական պատկերը, այլ ոչ թե՝ վախեցնել, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն է  հայտարարել Արտաշատում, որ «ես ո՛չ Հովիկից եմ վախենում, ո՛չ Ջոնիկից»: Բայց մենք իրեն ե՞րբ ենք վախեցրել, որ ինքը վախենա»:

Տեսանյութեր

Լրահոս