«Շաբլոն է դարձել, բայց նոր հեծանիվ հորինելը բավականին դժվար է». Հրայր Թովմասյան
Այսօր ԱԺ-ում «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հարցրեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, թե այլընտրանքային զինվորական ծառայության և այլընտրանքային աշխատանքային ծառայության անհրաժեշտությունը որոշող հանձնաժողովի ստեղծումն ի՞նչ չափորոշիչներով է որոշումներ կայացնելու, և իրենք ի՞նչ երաշխիքներ ունեն, որ ստեղծվող հանձնաժողովի որոշումները սուբյեկտիվիզմից չեն բխելու:
Հ. Թովմասյանը պատասխանեց, որ դրա համար գոյություն ունի մեկ հիմք՝ ՀՀ Սահմանադրությունը: «Այս հանձնաժողովի խնդիրն է, որպեսզի պարզի անձի համոզմունքները, կամ՝ ինքն արդյո՞ք դավանում է այլ կրոնական ուղղության կամ որը բացառում է սա: Այսինքն՝ սա այդ ապացուցողական բազան է, և կարող է որոշակի հարցեր տալ, հանձնաժողով կարող են հրավիրվել նրանց կրոնի մասնագետները, եթե ինչ-որ մեկը գա և զինվորական ծառայությունից խուսափելու համար ներկայանա, ապա հարցերի, ստուգումների միջոցով կպարզի, այսինքն՝ ապացուցողական բազան շատ մեծ է»,- ասաց Հ, Թովմասյանը:
Ի պատասխան Հ. Թովմասյանի՝ Ն. Զոհրաբյանն արձագանքեց. «Իհարկե, հարգում եմ Ձեր հարգալից վերաբերմունքը Սահմանադրության հանդեպ, որ Դուք հավատում եք, որ բոլորը պիտի պաշտպանեն սահմանադրական նորմն իրավական պետության, բայց ես էլ, Դուք էլ հրաշալի գիտենք, որ հիմնականում դա այդպես չէ, ուստի ես կարծում եմ, այդուհանդերձ, մեխանիզմները հանձնաժողովի սուբյեկտիվիզմը բացառելու՝ պիտի ավելի հստակ լինեն քաղաքացու համար: Եթե զինվորը ցանկացած ճանապարհ ընտրելու է՝ սահմանին զենքը ձեռքին չկանգնելու համար, ապա, կրկնում եմ, այստեղ սուբյեկտիվիզմը կարող է լրջագույն դերակատարություն ունենալ»:
Այս նկատառմանը նախարարը պատասխանեց. «Շաբլոն է դարձել, բայց նոր հեծանիվ հորինելը բավականին դժվար է: Եվ այդ երաշխիքներն օդից չեն գալու, այդ երաշխիքներն, իրոք, Սահմանադրությունն է և մեր օրենսդրությունը, այսինքն՝ այլ բան նախատեսելը, չասեմ՝ անհնարին է, բայց բավականին դժվար է»: Նախարարի խոսքով՝ հանձնաժողովում չի կարող լինել առևտուր: