Ուսամա բեն Լադենը WikiLeaks է կարդացել
Բրիտանական The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում մեղադրող կողմը պահանջում է ռազմական դատարան կանչել ամերիկացի հատուկջոկատայիններից մեկին, ով 2011 թվականի մայիսին մասնակցել է «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի վնասազերծմանը:
Դա արվում է ապացուցելու համար, որ «Ալ Քաիդայի» ղեկավարն օգտվել է այն նյութերից, որոնք WikiLeaks կայքին հանձնել է ամերիկացի զինծառայող Բրեդլի Մենինգը: Երեկ տեղի է ունեցել Մենինգի գործով հերթական դատալսումը: Նա մեղադրվում է ապօրինի ճանապահով Պետդեպարտամենտի ավելի քան 250.000 փաստաթուղթ ձեռք բերելու մեջ: Այդ փաստաթղթերում առկա են նաև Աֆղանստանի ու Իրաքի պատերազմներին առնչվող փաստաթղթեր:
Ընդհանուր առմամբ, սկանդալային հայտնի կայքի տեղեկատուի նկատմամբ ներկայացվել է 22 մեղադանք: Դրանցից ամենածանրակշիռը «թշնամուն օգնություն ցուցաբերելու» մասին մեղադրանքն է: Մեղադրող կողմը կարծում է, որ այդ կետը կարելի է լրջորեն հիմնավորել բեն Լադենի սպանությանը մասնակից հատուկջոկատայիններից մեկի վկայությունների օգնությամբ:
Մեղադրող կողմը պնդում է, որ հատուկջոկատայինը հանդես գա որպես անանուն վկա և հաստատի, որ Պակիստանում բեն Լադենի ապաստանից իր հետ տարել է մի շարք թվային կրիչներ, որոնցում հետագայում հայտնաբերվել են WikiLeaks-ի նյութերի ֆայլերը:
Մեղադրող կողմը կարծում է, որ այդ փաստն ապացուցում է, որ «թիվ մեկ ահաբեկիչը» ակտիվորեն փնտրել է WikiLeaks-ի նյութերը: Ավելի վաղ պաշտպանող կողմը հայտարարել է, որ WikiLeaks-ին Մենինգի փոխանցած նյութերի մեծ մասը հին են եղել: Այժմ Մենինգին սպառնում է ցմահ ազատազրկում: