Հայտնի են դարձել Իրանի ու «Վեցյակի» միջև առաջիկա երկու հանդիպման ժամկետները
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում ավարտվել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ այդ երկրի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը:
Բանակցությունների ավարտից հետո Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ու Իրանի միջուկային ծրագրի հարցում գլխավոր բանագնաց Սայիդ Ջալիլին հայտարարել է, որ Իրանի ներկայացրած առաջարկների հանդեպ «Վեցյակի» տված պատասխանի մի շարք կետեր առավել իրատեսական են՝ համեմատած նախորդ փուլերի հետ:
Ջալիլին հավելել է, որ «Վեցյակը» փոձել է մի շարք հարցերում իր դիրքորոշումը մոտեցնել Թեհրանի դիրքորոշմանը: Ջալիլիի խոսքերով՝ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցություններն ընդհանուր առմամբ անցել են դրական մթնոլորտում: Անդրադառնալով «Ֆորդու» օբյեկտի հնարավոր փակման խնդրին՝ Ջալիլին հայտարարել է, որ որևէ պատճառ չկա նման կերպ վարվելու համար, քանի որ այդ օբյեկտը գտնվում է ԱԷՄԳ-ի վերահսկողության ներքո և համապատասխանում է նրա պահանջներին:
Ալմա Աթայում Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլն անցկացվելու է ապրիլի 5-6-ին: Սակայն դրանից առաջ մարտի կեսերին Ստամբուլում Իրանի ու «Վեցյակի» միջև անցկացվելու է փորձագետների մակարդակով հանդիպում: