Բաժիններ՝

ԵՄ-ն Ուկրաինային խոստացել է լուծել նրա գազամատակարարման դիվերսիֆիկացման հարցը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի առաջնորդները փետրվարի 25-ին Բրյուսելում տեղի ունեցած «Ուկրաինա-ԵՄ» գագաթաժողովի ժամանակ պաշտոնական Կիևին խոստացել են լուծել բնական գազի մատակարարումների դիվերսիֆիկացման հարցը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Էդուարդ Ստավիցկին:

Վերջինիս խոսքերով՝ դա անպայմանորեն ազդելու է Ռուսաստանից Ուկրաինայի գնած գազի գնի վրա. «Եվրոպայից Ուկրաինա գազի մատակարարման տեխնիկական հնարավորությունները կազմում են տարեկան մինչև 30 միլիարդ խորանարդ մետր: Դա ամբողջովին լուծում է բոլոր հարցերը: Գազը կարող է մատակարարվել Սլովակիայից, Հունգարիայից ու Լեհաստանից»:

Նախորդ տարի Ուկրաինան գնել է մոտ 24.9 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ, սակայն վերջինիս գինը նախկինի նման դժգոհություն է առաջացնում ուկրաինական կողմի մոտ: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ իրենց համար գազի ներկրած գինն ամենաբարձրն է աշխարհում և որ հազար խորանարդ մետր ռուսական գազն իրենց համար արժենում է 520-530 դոլար:

Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում ռուսական «Գազպրոմը» հայտարարել է, որ Ուկրաինան 2012 թվականին գնել է պայմանագրով նախատեսվածից 7 միլիարդ դոլարով ավելի պակաս գազ: Սակայն Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ դա վիճելի թիվ է՝ ընդգծելով, որ Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է բանակցություններ վարել ռուսական կողմի հետ:

Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան իր հերթին հայտարարել է, որ իր երկիրը հրաժարվում է ընդունել, որ 7 միլիարդ դոլարի «գազային պարտք» ունի Ռուսաստանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս