Բաժիններ՝

Թեհրանի շուկաներում մեծ պահանջարկ է վայելում «Օպերացիա «Արգո»» ֆիլմը

Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ Իրանը «Օսկարի լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթած Բեն Աֆլեկի «Օպերացիա «Արգո»» ֆիլմը որակել է որպես «Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) հակաիրանական քարոզչություն» և ֆիլմի հեղինակներին մեղադրել է փաստերի միտումնավոր խեղաթյուրման մեջ, ինչպես օրինակ ուղեևորներով լի ինքնաթիռի վրա կրակելը, օդանավակայանի պահպանության աշխատակիցներին հիմարացնելը և այլն:

Թեհրանի քաղաքային խորհրդի անդամ Մասումեհ Էբթեքարը, ով Իսլամական հեղափոխության ժամանակ եղել է ամերիկյան դեսպանատունը գրոհող ուսանողների թվում, հայտարարել է, որ ֆիլմում այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե 1979 թվականին՝ Իսլամական հեղափոխությունից անմիջապես հետո, Թեհրանը լեցուն է լինում բռնություններով, ինչը չի համապատասխանում իրականությանը:

Իրանի մշակույթի նախարար Մուհամեդ Հուսեյնին հայտարարել է, որ «Արգո» ֆիլմը գեղարվեստական տեսանկյունից քիչ բան է ներկայացնում իրենից, և այն «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ հայտնվել է միայն իր բավական գովազդվելու և մեծ ներդրումների շնորհիվ (ֆիլմն արժեցել է 44.5 միլիոն դոլար):

Ավելին, իրանական մի շարք ԶԼՄ-ներ ակնարկում են, որ այդ ֆիլմը մրցանակ է շահել միայն նրա շնորհիվ, որ «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթողի մրցանակի հանձնման ժամանակ դերասան Ջեկ Նիկոլսոնին միացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կին Միշել Օբաման: Միևնույն ժամանակ այդ ֆիլմն Իրանում հետաքրքրություն է առաջացրել շատերի մոտ: Թեհրանի շուկաներում ֆիլմի պատճենված տարբերակները մեծ պահանջարկ են վայելում, և մեկ հատը վաճառվում է մեկ դոլարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս