Բաժիններ՝

Թուրքիայում գրանցվել է հետմոդեռնիստական հեղաշրջման գործով ձերբակալությունների հերթական ալիքը

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անկարայի հանրապետական դատախազության հրահանգով այսօր Թուրքիայում մեկնարկել է 1997 թվականի փետրվարի 28-ին իրականացված հետմոդեռնիստական (թավշյա) հեղաշրջման գործով ձերբակալությունների հերթական ալիքը:

Ձերբակալման հրամանն առնչվել է պաշտոնաթող գեներալ-մայոր Մեհմեթ Բաշփընարին, պաշտոնաթող գեներալ-մայոր Յուջել Օզսըրին և գործող գնդապետ Մեհմեթ Ջումհուր Յաթըքայային:

Մեհմեթ Բաշփընարն արդեն իսկ ոստիկանների ուղեկցությամբ բերվել է Անկարայի դատարան, իսկ մյուս երկուսն Անկարա կբերվեն Ստամբուլից: Թուրքական լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրում, որ ձերբակալությունների այս ալիքն իրականացվում է փետրվարի 28-ի նախօրեին:

Հիշեցնենք, որ 1997 թվականի փետրվարի 28-ին Թուրքիայում իրականացված հետմոդեռնիստական (թավշյա) հեղաշրջման հետևանքով ներկայիս վարչապետ Ռեջեփ Էրդողանը, որն այն ժամանակ զբաղեցնում էր Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը, ստիպված եղավ բանտում անցկացնել 4 ամիս՝ ցույցերից մեկի ժամանակ իսլամիստական տրամադրություններ արտահայտելու համար. «Մինարեները մեր սվիններն են, գմբեթները` մեր սաղավարտները, մզկիթները մեր զորանոցներն են, իսկ հավատացյալները` մեր զինվորները»:

1998 թվականի փետրվարի 21-ին թուրքական դատարանը կրոնական ու ռասիստական ատելություն բորբոքելու համար Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ կետով Էրդողանին դատապարտեց մեկամյա բանտարկության և նշանակեց 860 միլիոն (հին) թուրքական լիրա տուգանք:

Էրդողանի բողոքարկումից հետո նախ այդ պատժաչափը նվազեցվեց մինչև 10 ամսվա, իսկ տուգանքը՝ մոտ 177 միլիոնի, ապա Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 1998 թվականի սեպտեմբերի 24-ին վճռեց, որ Էրդողանը բանտում պետք է անցկացնի 4 ամիս: Էրդողանը բանտից, ուր հայտնվել էր 1999 թվականի մարտի 26-ին, դուրս եկավ նույն թվականի հուլիսի 24-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս