Դուբայում բացվել է աշխարհի ամենաբարձր հյուրանոցը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դուբայում բացվել է աշխարհի ամենաբարձր հյուրանոցը՝ JW Marriott Marquis-ը, որի աշտարակների բարձրությունը կազմում է 355 մետր:
Հյուրանոցի պաշտոնական բացումը տեղի է ունեցել այսօր: Երկու աշտարակից բաղկացած այդ հյուրանոցն իր տեսքով հիշեցնում է փյունիկյան արմավենու: Նշվում է, որ այդ հյուրանոցը ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև՝ աշխարհի ամենահարմարավետ և նորաձև հյուրանոցներից մեկն է:
Հյուրանոցը նախատեսված է գործարար անձանց համար: Այն ունի մոտ 1600 համար, իսկ նրա 14 ռեստորաններում միաժամանակ կարող է նախաճաշել կամ ընթրել գրեթե 3000 մարդ: JW Marriott Marquis-ի անձնակազմը բաղկացած է հազար մարդուց, որոնք ներկայացնում են աշխարհի 67 երկիր: Հյուրանոցի լողավազանի համար Մեռյալ ծովից բերվել է 3 տոննա ծովային աղ: