Միխեիլ Սաակաշվիլին Բիձինա Իվանիշվիլիի նամակը ստացել է Facebook-ով
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստ է հանդիպել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ և քննարկել մի շարք հարցեր: Այս մասին երեկ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ինքը՝ Սաակաշվիլին:
Սաակաշվիլին ընդգծել է, որ վարչապետի նամակը ստացել է Facebook սոցցանցի միջոցով. «Ես առաջին անգամ եմ լսում, երբ վարչապետը նախագահին նամակ հղի Facebook սոցցանցի միջոցով և պատասխան ակնկալի նույնպես սոցցանցով: Ես պատրաստ եմ վարչապետի հետ քննարկել Ռուսաստանի, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, Վրաստանի տարածքների օկուպացիայի հարցը, երկրի զարգացման հեռանկարները:
Մենք շատ բան ունենք խոսելու, և եթե նա (Իվանիշվիլի) չի գալիս ինձ մոտ, ես կարող եմ գնալ նրա մոտ և անգամ ճաշելու, եթե իհարկե նա հրավիրի ինձ»:
Հիշեցնենք, որ Բիձինա Իվանիշվիլին երեկ վերջնագիր էր ներկայացրել Սաակաշվիլիին, որպեսզի վերջինս իր դիրքորոշումը հայտնի սահմանադրական ուղղումների վերաբերյալ, որոնցում խոսք է գնում նաև նախագահի լիազորությունների կրճատման և վարչապետի լիազորությունների մեծացման մասին: