Սաակաշվիլին քննադատել է վրացական ձեռնարկություններում ռուս փորձագետների կողմից ստուգումներ անցկացնելը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին քննադատել է վրացական գինի և հանքային ջուր արտադրող ձեռնարկություններում Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայության (Роспотребнадзор) իրականացրած ստուգումները: Խոսքը գնում է այն ձեռնարկությունների մասին, որոնք ցանկություն են հայտնել վերսկսել իրենց արտադրանքի մատակարարումը Ռուսաստանին:
Ռուս-վրացական հարաբերությունների սրվելուց հետո Роспотребнадзор-ը 2006 թվականին արգելել էր վրացական գինիների ու «Բորժոմի» հանքային ջրի ներկրումը՝ իր այդ քայլը պատճառաբանելով դրանց ցածր որակով: Այս տարվա փետրվարի 25-ին Роспотребнадзор-ի փորձագետները ստուգումներ են անցկացրել վրացական մոտ 45 գինի և հանքային ջուր արտադրող ձեռնարկություններում: Դա հանդիսանում էր ռուսական կողմի նախապայմանը՝ այդ ապրանքները ռուսական շուկա մուտք գործելու թույլտվություն տալու համար:
Роспотребнадзор-ի ղեկավար Գենադի Օնիշչենկոն չի բացառել, որ կարող է այդ նպատակով անձամբ ժամանել Վրաստան: Երեկ տեղի ունեցած ճեպազրույցում Սաակաշվիլին հիշեցրել է, որ Роспотребнадзор-ի փորձագետները Վրաստան պետք է ժամանեին դեռ փետրվարի սկզբին, սակայն դա հետաձգվել էր մի քանի շաբաթով. «Եթե բավարական երշիկն առանց որևէ ստուգման մուտք է գործում Ռուսաստան, ապա մենք (Վրաստան) նորից Խոհրդային միությո՞ւն ենք մտնում: Ինչո՞ւ մենք դեռ չենք կարողացել դուրս գալ այդ ժամանակաշրջանից»: