ԱՄՆ սենատը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում հաստատել է Չակ Հեյգելի թեկնածությունը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատը երեկ նախկին սենատոր Չակ Հեյգելին հաստատել է երկրի Պաշտպանության նախարարի պաշտոնում: Նրա թեկնածությանն աջակցել է 58 սենատոր, դեմ է արտահայտվել 41 սենատոր:
Չակ Հեյգելը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում կփոխարինի Լեոն Փանեթային, ով պատրաստվում է վերադառնալ Կալիֆոռնիա՝ իր ֆերմայով զբաղվելու համար: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պաշտպանության նախարարի պաշտոնում Չակ Հեյգելի թեկնածությունն առաջ է քաշել այս տարվա հունվարի սկզբին: Վիետնամի պատերազմի վետերան, 66-ամյա Հեյգելը համարվում էր այդ պաշտոնը զբաղեցնելու ամենահավանական թեկնածուն:
ԱՄՆ սենատի զինված ուժերի գծով հանձնաժողովը Չակ Հեյգելի թեկնածությունը հավանության էր արժանացրել այս տարվա փետրվարի 13-ին, ինչը, սակայն, տեղի էր ունեցել բազմաթիվ բանավեճերից հետո: Սենատորները Հեյգելից պարզաբանումներ էին պահանջել՝ կապված Մերձավոր Արևելքի և մասնավորապես Իսրայելի հանդեպ նրա դիրքորոշման հետ: Հեյգելի երդման արարողությունը տեղի կունենա այսօր: