Ալմա Աթայում մեկնարկել է Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների երկրորդ փուլը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում այսօր մեկնարկել է Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների 2-րդ փուլը: Առաջին փուլն անցկացվել է երեկ:
Ակնկալվում է, որ այսօր Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար և Իրանի միջուկային ծրագրի հարցում գլխավոր բանագնաց Սայիդ Ջալիլին պատասխան կտա «Վեցյակի» կողմից Իրանին երեկ արված առաջարկների մասին: Ընդ որում, խոսքը գնում է «նորացված և հավասարակշռված» առաջարկների մասին:
Իրանական կողմը Ղազախստան մեկնելուց առաջ իր հերթին հայտարարել էր, որ «Վեցյակին» ներկայացնելու է իր առաջարկները, սակայն չէր մանրամասնել դրանց էությունը: Սրանից առաջ հաղորդվում էր, թե «Վեցյակը» Իրանին առաջարկելու է պատժամիջոցների վերացման դիմաց դադարեցնել ուրանի հարստացումը: