Փրկարարներն ու ոստիկանները դեպքի վայր մեկնելու ճանապարհին կանխել են մի կնոջ ինքնասպանությունը
Փետրվարի 26-ին, ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի և Ոստիկանության պարեկապահակային ծառայության Մաշտոցի բաժնի աշխատակիցները ժամը 22:40-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա կանխել են մի կնոջ ինքնասպանությունը: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման կենտրոն Ոստիկանության Արաբկիրի բաժնից ահազանգ էր ստացվել, որ Արամ Խաչատրյան 24 շենքի բնակարաններից մեկի դուռը տան տերը չի կարողանում բացել, և տան տերը կասկածել է, որ տուն գող է մտել:
Արաբկիրի Ոստիկանությունից ահազանգել են փրկարար ծառայություն, և հատուկ փրկարարական ջոկատը մեկնել է նշված հասցե և ճանապարհին ականատես է եղել, որ 30-ից 35 տարեկան մի կին փորձում է իրեն կամրջից ցած նետել:
Բարեբախտաբար, փրկարարները կողմնորոշվել և ոստիկանների հետ կանխել են կնոջ ինքնասպանությունը:
Քիչ առաջ կնոջը տեղափոխել են ոստիկանություն: