Ալեքսանդր Դուգինը Հայաստանին առաջարկում է անդամակցել Եվրասիական Միությանը
Երեկ Հայաստանի քաղաքագետների միությունում կազմակերպվել էր քննարկում «Ինչի՞ համար է պետք Հայաստանին մտնել Եվրասիական միություն, եթե առանց դրա էլ Հայաստանը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ» թեմայով: Որպես հիմնական զեկուցող` հրավիրված էր ռուս քաղաքագետ և փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը, ում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ներկայացրեց` որպես «Կրեմլի ոչ պաշտոնական գաղափարախոս»:
Իրականում Դուգինը Կրեմլի պաշտոնական գաղափարախոսն է, քանի որ նրա կողմից քարոզվող Եվրասիականության գաղափարը, այսօր Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունն է. Ռուսաստանը, նրա նախագահ Վլադիմիր Պուտինի միջոցով, այսօր իրականացնում է Եվրասիական միության ստեղծման գաղափարը, փորձելով դրա մեջ ներգրավել նորանոր երկրներ:
Մինչև հիմա Հայաստանին ասում էին, որ Ռուսաստանը Հայաստանին առաջարկում է դառնալ Եվրասիական միության անդամ: Որպես այդպիսին` այդ միությունը գոյություն չունի. գոյություն ունի դրա ինչ-որ նախնական տարբերակը` Ռուսաստան, Բելառուս, Ղազախստանը` ընդհանուր տնտեսական տարածքի և մաքսային միության տեսքով: Բայց կա այդ միության գաղափարը, որը փորձեց ներկայացնել Ալեքսանդր Դուգինը: Փորձենք համառոտ ներկայացնել, թե ինչո՞ւ է նա ուզում, որ ստեղծվի Եվրասիական միությունը, և ինչո՞ւ է ուզում, որ Հայաստանը դառնա այդ միության անդամ, ինչո՞վ է այն գայթակղիչ մեզ համար:
Դուգինն ասում է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո աշխարհը դարձել է միաբևեռ: Երկրները, որոնք անվանական ինքնիշխանություն ունեն, հայտնվել են ամերիկյան գերիշխանության տակ: Նա համարում է, որ Ռուսաստանն իր ինքնիշխանությունը հաստատելու և պահելու համար կարիք ունի միավորելու նախկին խորհրդային տարածքի երկրներին, և հնարավոր է` այլ երկրների ևս, որպեսզի ձևավորի նոր բևեռ:
Իհարկե, Դուգինն ասում է, որ Ռուսաստանը չունի նախկին ռեսուրսները և հնարավորությունները, որպեսզի նրա կողմից ձևավորվող բևեռը համարժեք դառնա եվրաատլանտյան բևեռին, և աշխարհի երկբևեռ կառուցվածքը վերականգնվի: Սակայն, եթե հնարավոր չէ վերականգնել երկբևեռ համակարգը, ապա կարելի է ստեղծել բազմաբևեռ համակարգ, իսկ Եվրասիական միությունը կարող է դառնալ այդ համակարգի բևեռներից ընդամենը մեկը: Դուգինը համարում է, որ այդպիսի բևեռներ կարող են լինել Չինաստանը, Հնդկաստանը, արաբական երկրները:
Ինչո՞ւ է Դուգինը կարծում, որ Հայաստանը պետք է լինի այդ միության կազմում: Նախ` նա ասում է, որ Հայաստանը, ինչպես նաև Վրաստանը, Ուկրաինան և նույնիսկ Թուրքիան հնարավորություն չունեն դառնալու Եվրամիության անդամ, քանի որ այդ երկրներին չեն ընդունի այնտեղ: Այսինքն՝ ստացվում է, որ այս երկրները մերժված լինելով Եվրամիության կողմից, այլ այլընտրանք չեն ունենա, քան Եվրասիական միությանն անդամակցելը: Արդյոք Եվրասիական միությունը, Եվրամիությունից մերժված կամ այնտեղ հայտնվելու հնարավորություն չունեցող երկրների միավորո՞ւմ է: Այս հարցն, ըստ էության, բաց է:
Երկրորդ. ըստ Դուգինի՝ Ռուսաստանը կարող է հանուն ինտեգրացիոն ծրագրի խրախուսման` որոշակի տնտեսական զիջումների գնալ այն երկրների համար, ովքեր պատրաստ են միանալ Եվրասիական միությանը: Որպես օրինակ` Դուգինն ասում է, որ Ռուսաստանն` իր տնտեսական շահերի ոտնահարման հաշվին, որոշ զիջումների է գնացել Բելառուսին և Ղազախստանին: Այսպիսով Հայաստանը ևս կարող է ակնկալել որոշակի տնտեսական արտոնություններ, եթե համաձայնի անդամակցել Եվրասիական միությանը:
Ղարաբաղի հետ կապված` Դուգինն ասում է, որ այսօր տարածաշրջանում ձևավորվել է այնպիսի վիճակ, որ ստատուս-քվոյի պահպանումը ձեռնտու է բոլորին: Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցության դեպքում, Դուգինը չի խոստանում այդ խնդրի լուծում, բայց խոստանում է ստատուս-քվոյի պահպանում: Հայ թուրքական հարաբերությունների առումով ևս Դուգինը համարում է, որ ներկա վիճակը կպահպանվի: «Նախորդ փորձերը՝ կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները՝ շրջանցելով Ռուսաստանին, դատապարտվեցին ձախողման: Եթե այդպիսի այլ փորձեր կրկին լինեն, դրանք նույն արդյունքին են արժանանալու»,- ասում է բանախոսը: Բայց Դուգինը համոզված է, որ, ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան՝ համոզվելով, որ իրենք Եվրամիությունում տեղ չունեն, փորձելու են վերաիմաստավորել իրենց աշխարհաքաղաքական ձգտումները և կարող են Եվրասիական միության մաս դառնալ: Այդ դեպքում, նա հավանական է համարում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև` սահմանի բացումը:
Արդյոք Դուգինի առաջարկած Եվրասիականության գաղափարն ինքնուրույն գաղափարախոսությո՞ւն է, թե՞ ընդամենն հակագաղափար, որի իմաստն ընդամենը ամերիկյան հեգեմոնիային հակադրվելն է: Արդյոք սա ընդամենը մի գաղափար չէ՞, որը հանգում է նրան, որ եթե Ռուսաստանը միայնակ չի կարող դիմադրել ամերիկյան ազդեցության աճին, ապա պետք է միավորել շրջապատի փոքր ու մեծ պետություններին և նրանց համոզել, որ սա սեփական ինքնությունը պաշտպանելու լավագույն ձևն է: Դուգինը, խոսելով Եվրասիական միության ապագա կառուցվածքի մասին, ասում է, որ այն զարգանալով` կարող է վերածվել երկրների կոնֆեդերացիայի:
Մի քիչ էլ` Եվրասիական միության արժեհամակարգի մասին: Ի տարբերություն արևմտյան կամ ամերիկյան արժեհամակարգի, որի առանցքն անհատի ազատությունն է, Դուգինն ասում է, որ Եվրասիական միության հիմքում պետք է լինի արդարության գաղափարը: Խոսքը, երևի, սոցիալական արդարության մասին է: Բայց հիմա նայենք Ռուսաստանին և ասենք, թե արդյոք Ռուսաստանը կարո՞ղ է լինել արդարության գաղափարի կրողն ու քարոզիչը: Մի երկրում, որտեղ ամենամեծ կոռուպցիան է, որտեղ արդարության համար մարդիկ ստիպված են դիմել քրեական հեղինակությունների, որոնց խոսքը և վճիռներն են համարվում արդարության ամենավերին ատյանը, արդարությունը խիստ տեսական հասկացություն է: Կարո՞ղ է Ռուսաստանը լինել արդարության քարոզիչ, եթե ինքն այդ գաղափարի կրողը չէ: Հնարավոր է, որ պարոն Դուգինն ասի, որ դա ժամանակի խնդիր է, և Ռուսաստանը պայքարում է բոլոր արատավոր երևույթների դեմ: Բայց այդ պայքարը, համաձայնեք, որ տեսական է, և` առանց որևէ տեսանելի արդյունքների: Այնպես որ, Ռուսաստանը մինչև ինչ-ինչ արժեքներ քարոզելը և դրանք այլոց առաջարկելը, ճիշտ կանի, եթե ցույց տա իր հավատարմությունն այդ արժեքներին: