
Էդուարդ Շարմազանով. Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ չի ծանոթացել իմ հայտարարությանը

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ չի ծանոթացել Էդուարդ Շարմազանովի հայտարությանը, քանզի այնտեղ ամեն ինչ շատ մատչելի հայերենով է շարադրված: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրուցում ասաց ինքը` Շարմազանովը: «Հուսամ, որ պարոն Հովհաննիսյանին այս հայտարարության տեքստն այնուամենայնիվ կփոխանցեն հնարավորություն տալով գոնե հետագայում խուսափելու նման տհաճ իրավիճակներից»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` փետրվարի 25-ին, մամուլի ասուլիսում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր ամոթ նրանց, ովքեր փորձում են իրեն սպառնալ ինչ-որ մի ձայնագրության հրապարակման համար: «Ես պահանջում եմ հիմա՝ թող ամբողջությունը հրապարակեն՝ նժդեհական են, նախագահականից են, իրենք հիմա թող հրապարակեն»,-ասել է նա, հավելելով, որ գործող նախագահի հետ զրուցել է 1,5 ժամ, եւ եթե Սերժ Սարգսյանը խաբել է իրեն` ասելով, թե իրենք մենակ են զրուցում, ապա պահանջում է, որ հրապարակվի իրենց զրույցի ամբողջ ձայնագրությունը: « Եթե պարոն Սարգսյանը սուտ խոսեց, եթե բացի մեզանից ուրիշ մարդ կար այնտեղ, թող դնեն ձայնագրությունը՝ դավայտե: Ամենաշատը, որ դուք կարող եք իմանալ այդ ձայնագրությունից, որ մենք հարգալից զրույց ենք վարել: Ես նրան ասել եմ, որ նախագահ չի ընտրվել եւ վաղ է սկսել իր հաղթանակը նշել շամպայնով: Նաեւ Սարգսյանին մի քանի քաղաքական տարբերակներ եմ առաջարկել, սակայն նա հրաժարվեց ընդունել»,- ասել էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ նշել է, թե ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խորհուրդների կարիքը չի զգում, թե պետք է առաջադրվի 2018թ.: «Մինչ այդ ժամանակ մեր երկրում իշխանությունը կլինի ժողովրդի ձեռքում: Դավայտե, պարոն Շարմազանով, տվեք ձայնագրությունը»: