Կիտրոն` ժողովրդական դեղատոմսեր
Կիտրոնը հնագույն ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ։
Ա. Ամասիացին գրել է. «Եթե կիտրոնի հյութը քսեն երեսին, պեպենները կգունաթափվեն։ Սրտխառնոցի դեպքում թող կիտրոն ուտեն` կանցնի։ Կիտրոնը հագեցնում է ծարավը, սթափեցնում է հարբածին, նպաստում է մարսողությանը, օգնում է թունավորումների դեպքում։
Անգինա. Կերեք օրը 1 կիտրոն` կեղևի հետ միասին։
գ 3 թ/գ կիտրոնի հյութ լուծեք 10 թ/գ եռջրում։ Կատարեք ողողումներ։
Աթերոսկլերոզ, նախնական փուլ. Խառնեք 50 մլ կիտրոնի հյութ, 1-ական ճ/գ գազարի և կաղամբի հյութեր։ Խմեք 150-ական մլ, օրը 2-3 անգամ, շարունակեք 15 օր, ընդմիջեք 2 շաբաթ և կրկնեք բուժումը։ Կատարեք տարին 2 անգամ։
Բրոնխների ասթմա. Մաքրեք 2 միջին չափի սխտոր։ Սխտորի քերուկը խառնեք 5 հատ կեղևով մանր կտրատած կիտրոնների հետ։ Խառնուրդը 5 օր թրմեք 1 լ եռջրում։ Քամեք, հումքը, մզեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` ուտելուց 20 րոպե առաջ։
Երակների վարիկոզ լայնացում. Օղակաձև կտրատած կիտրոնի հատվածները դրեք ցավոտ մասին։ Փաթաթեք բարակ թաղանթով և վիրակապեք, հանեք 2 ժամից։ Հիվանդության սուր շրջանում կատարեք 2-3 անգամ։
Կերակրող մայրերի կաթն առատացնող. 1 կիտրոնի քերուկը կեղևով խառնեք 2 ճ/գ չամանի սերմի և կես ճ/գ շաքարավազի հետ։ Խառնուրդին ավելացրեք 200 մլ գոլ ջուր, 10 րոպե թրմեք, որից հետո 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, ընթացքում հաճախակի խառնեք, թրմեք 30 րոպե։ Խմեք 70 մլ օրը 3 անգամ։ Շարունակեք 3 շաբաթ։
Ճնշման տատանման հետևանքով առաջացած գլխացավ. Կիտրոնի կեղևի խոնավ ներքին մասը հպեք քիմքերին կամ այն մասին, որտեղ զգացվում է ուժեղ ցավ։
Փորկապություն. 50 գ սև շլորի չիրը 15 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք, խառնեք 100 մլ կիտրոնի հյութի հետ։ Խմեք 100-ական մլ` նախաճաշից 1,5 ժամ առաջ։
Կարդիոնևրոզ. Խառնեք կես թ/գ կիտրոնի քերուկը, 200 մլ բաց գույնի մեղր, 20 հատ ծիրանի մանրացրած սերմ։ Խմեք 1-ական ճ/գ` նախաճաշից և քնելուց առաջ։ Շարունակեք 1 ամիս։
Մետեորիզմ. Խառնեք 1 ճ/գ կիտրոնի հյութ, 1 թ/գ կոճապղպեղի փոշիացրած արմատ` քառորդ թ/գ աղ։
Խմեք օրը 2-3 անգամ, ուտելուց առաջ, վերոգրյալ չափաբաժնով։ Շարունակեք 10 օր։
Հևող. Աղացեք 5 հատ միջին սխտոր, խառնեք 250 մլ կիտրոնի հյութ և 500 գ հեղուկ մեղրի հետ։ 10 օր թրմեք տաք ապակե տարայի մեջ։ Խմեք 2-ական թ/գ, օրը 2 անգամ` նախաճաշի և ընթրիքի ժամանակ։ Շարունակեք 2 շաբաթ։
Լարինգիտ. Խառնեք 100 մլ կիտրոնի հյութ և 300 մլ մեղր, հասցրեք եռման ջերմաստիճանի, անջատեք կրակը, թրմեք 1 ժամ։ Խմեք 1-ական ճ/գ` յուրաքանչյուր 5 ժամը մեկ։ Շարունակեք 1 շաբաթ։
Հաճախակի կրկնվող արյունահոսություն քթից. 1ճ/գ կիտրոնի հյութը լուծեք 1 ճ/գ նախօրոք եռացրած սառը ջրի մեջ։ Օրը 1 անգամ լվացեք քթանցքները։ Շարունակեք 2 շաբաթ։
Մրսածություն. Խառնեք 25 մլ կիտրոնի հյութ, 1-ական ճ/գ կոնյակ, մեղր, ազնվամորու մուրաբա։ Խառնուրդը լուծեք 200 մլ տաք ջրում, խմեք քնելուց առաջ։
Արևայրուք. Խառնեք կիտրոնի հյութ և ձիթապտղի յուղ (1։2), ներմերսեք արևահարված մասերին կամ դրեք թրջոց և վիրակապեք։
Արգանդի իջեցում. Առանձնացրեք 5 ձվի կեղև, չորացրեք, փոշիացրեք, խառնեք 3 մանր կտրատած կիտրոնի հետ, 4 ժամ թրմեք։ Ավելացրեք 500 մլ օղի։ Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե հետո։ Շարունակեք 3-6 ամիս։
Օստեոխոնդրոզ. Խառնեք հավասար քանակի կիտրոնի և սխտորի քերուկ։ Կերեք 2-ական թ/գ, նախաճաշից 15 րոպե առաջ։ Շարունակեք 1 ամիս։
Ախորժակի անկում, ընդհանուր թուլություն. 4 ճ/գ կիտրոնի մանրացրած չոր կեղևը 1 ամիս թրմեք 500 մլ օղու մեջ, մութ տեղում։ Ամեն օր թափահարեք տարան, քամեք։ Խմեք 25-30 կաթիլ, օրը 3 անգամ` ուտելուց 30 րոպե առաջ` 200 մլ ջրով։
Ռախիտ. Խառնեք 100-ական մլ աղացած հալվեի տերև և կիտրոն, 100 գ ընկույզի միջուկ, 100 գ կարագ, 50 գ մեղր։ Տվեք երեխային 2-ական թ/գ, օրը 3 անգամ` ուտելու ժամանակ։ Շարունակեք 1 ամիս։ Բուժման համար պիտանի են 3 և ավելի տարեկան բույսի տերևներ։ Տերևը լվացեք գոլ ջրով և 2 օր թողեք սառնարանում։
Պիելոնևրիտ. Խառնեք 150 գ ծովաբողկի արմատի քերուկ և 100 մլ կիտրոնի հյութ։ Խմեք 1-ական թ/գ` նախաճաշից և ճաշից կես ժամ առաջ։ Շարունակեք 10 օր։
Զարկերակային ճնշման կտրուկ անկում, հիպոտոնիա. 10 և 20 րոպե լեզվի տակ պահեք կիտրոնի փոքր կտոր։
Գրիպի կանխարգելում և բուժում. 1 կիտրոնը 2-3 րոպե պահեք եռջրում, աղացեք, խառնեք 100 գ գոլացրած կարագի և 30 գ մեղրի հետ։ Կերեք 1 ճ/գ` նախաճաշին։ Պահեք սառնարանում։
Դիմադրողականությունը բարձրացնող. Աղացեք 1 հատ կիտրոն, 3 ժամ թրմեք 500 մլ սենյակային ջերմաստիճանի ջրում։ Խմեք 70-ական մլ, օրը 4-5 անգամ։ Կարելի է քաղցրացնել մեղրով կամ շաքարով։
Լյարդի հիվանդությունները կանխարգելող. Խառնեք 2 ճ/գ հալեցրած կարագ, 1-ական ճ/գ կիտրոնի հյութ և սխտորի քերուկ, 10 րոպե թրմեք 200 մլ տաք ջրում։ Խմեք օրը 2 անգամ, ուտելուց առաջ, նշված վերոգրյալ չափաբաժնով։ Շարունակեք 20 օր։
Մարսողությունը լավացնող. Խմեք 2-ական թ/գ կիտրոնի հյութ օրը 5 անգամ` մի քանի րոպե հյութը պահեք բերանում։
Աղիները մաքրող. Խառնեք 100 մլ կիտրոնի հյութ, 200 մլ կաթ, 3 թ/գ մեղր։ Հարեք միքսերով։ Խմեք 150-ական մլ` օրը 2 անգամ` ուտելուց հետո։ Շարունակեք 7-10 օր։
Զգուշացում։ Հակացուցված է ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների և ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում։
Հոդատապ. 1 միջին կիտրոնն ընկղմեք եռջրում, անցկացրեք քերիչով, խառնեք 50 գ մեղրի և չզտված ձիթապտղի յուղի հետ։ 10 օր թրմեք սառնարանում։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` ուտելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք 1 ամիս։
Զգուշացում։ Կիտրոնից ստացված պատրաստուկները կարող են վնասել ատամների էմալը։
Ատամները սպիտակեցնող. Խառնեք 1 ճ/գ սոդա և 1 քառորդ թ/գ կիտրոնի հյութ։ Խառնուրդն օգտագործեք` որպես ատամի մածուկ, ողողեք բերանը տաք ջրով։
Կոշտուկ. Կես թ/գ սոդան լուծեք 6 լ տաք ջրում։ Կատարեք ոտքերի լոգանք։ Կոշտուկների վրա դրեք կիտրոնի կտոր (կեղևով) և կապեք։ Շարունակեք 3-4 օր, որից հետո փորձեք հեռացնել կոշտուկը, հիվանդ մասը մշակեք մանկական քսուքով։
Մազերի խնամք
Թույլ, բարակ մազեր. Խառնեք 3 թ/գ հալվեի հյութ, 2-ական ճ/գ կիտրոնի և սոխի հյութեր, 1 ճ/գ գերչակ (կամ հինա) 1 ձվի դեղնուց։ Մերսող շարժումներով քսեք մազարմատներին։ Կապեք գլուխը բամբակե լաթով։ 1-2 ժամից լվացեք գլուխը գոլ կիտրոնաջրով` 3 ճ/գ կիտրոնի հյութը լուծեք 3 լ ջրում։ Կատարեք շաբաթը 1-2 անգամ, շարունակեք 2 ամիս։
Ամրացնող. Խառնեք 3 թ/գ կիտրոնի հյութ, 1 ճ/գ սոխի հյութ, 1 ձվի դեղնուց։ Խառնուրդը լավ հարեք։ Ներմերսեք մազարմատներին, ծածկեք թաղանթով և կապեք սրբիչով, 2 ժամից մազերը լվացեք օճառահեղուկով։
գ Խառնեք 25 մլ կիտրոնի հյութ, 2 ձվի դեղնուց, 2-3 կաթիլ նուշի յուղ։ Ներմերսեք մազարմատներին, ծածկեք թաղանթով, կապեք, 30 րոպեից մազերը ցայեք գոլ կիտրոնաջրով։
Ամրացնող դիմակները կիրառեք շաբաթը 1 անգամ, շարունակեք 2-3 ամիս։
Խորհուրդը է տրվում մազերի վերջին 2 դիմակները կատարել հաջորդաբար` շաբաթը մեկ անգամ։
Ցանկացած տեսակի մազերի համար. 100 մլ կիտրոնի հյութին ավելացրեք 1-2 ճ/գ ջուր, 1 ճ/գ ալյուր, խառնուրդը հարեք։ Քսեք մազերին, գլուխը ծածկեք բամբակե կամ վուշե գլխաշորով։ 20-30 րոպեից հեռացրեք դիմակը գոլ ջրով և լվացեք գլուխն օճառահեղուկով։
Թեփոտ մազեր. Մանրացրեք 4 կիտրոնի կեղևը, 25 րոպե եփեք 1 լ ջրում` թույլ կրակի վրա։ Լվացեք գլուխը թեփի դեմ նախատեսված օճառահեղուկով և ցայեք մազերը գոլ կիտրոնաջրով։
Խամրած, կոտրվող մազեր. 1 թ/գ սև թեյը 15 րոպե թրմեք 2 լ եռջրում, քամեք։ Ավելացրեք 500 մլ կիտրոնի հյութ։ Լվացեք մազերը օճառահեղուկով և ցայեք սև թուրմի թուրմով։ Նախատեսված է մուգ երանգի մազերի համար։
Բաց գույնի մազերի համար օգտագործեք կանաչ թեյի թուրմ։
Դեմքի խնամք
Լոսյոն ճարպոտ և նորմալ մաշկի համար. Մանր կտրատեք 1 կիտրոնի կեղևը, 24 ժամ թրմեք 200 մլ նախօրոք եփած սառը ջրում։ Մաքրեք դեմքն առավոտյան և երեկոյան քնելուց առաջ։
Կորյակներ. 1 ճ/գ դաղձի մանրացրած տերևը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Ավելացրեք 50 մլ կիտրոնի հյութ և 100 մլ օղի։ Ոգեթուրմը պահեք սառնարանում` մուգ ապակե տարայի մեջ։ Մաքրեք դեմքն առավոտյան և երեկոյան (օճառի փոխարեն)։ Օգտագործելուց առաջ թափահարեք տարան։
Չոր, թառամող մաշկ. Մաքրեք 3 միջին կիտրոն, մզեք հյութը, քամեք և պահեք սառնարանում։ Կեղևը մանրացրեք, 4 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խառնեք կիտրոնի կեղևի թուրմը, հյութը, մեկական թ/գ մեղր և բուսայուղ, 2 ճ/գ սերուցք, 3 ճ/գ օդեոկոլոն և 3 ճ/գ վարդի թուրմ։ Լոսյոնը պահեք սառնարանում` մուգ ապակե տարայի մեջ։ Թուրմն ունի թարմացնող հատկություն։ Մշակեք նախօրոք մաքրված դեմքի և պարանոցի մաշկը` քնելուց առաջ։
Վարդի ջուր. 3 ճ/գ վարդաթերթերը 30 րոպե թրմեք 150 մլ եռջրում, քամեք, հումքը մզեք։
Սնուցող դիմակ. Խառնեք 25 մլ կիտրոնի հյութ և 50 գ գոլ մեղր։ Մաքրեք դեմքը, մշակեք խառնուրդով, 15 րոպեից լվացեք գոլ ջրով։ Կատարեք շաբաթը 1 անգամ։ Շարունակեք 1,5-2 ամիս։ Հարմար է ցանկացած տեսակի մաշկին։
Եղունգների խնամք
Խառնեք հավասար քանակությամբ կիտրոնի հյութ և A վիտամինի յուղային լուծույթ։ Կաթեցրեք 1-2 կաթիլ եղունգի վրա և շփեք` մինչև ներծծվի։ Կատարեք ամեն օր առավոտյան և երեկոյան։ Շարունակեք 2 շաբաթ։ Ամրացնում է եղունգները։