«Մեր երկրում գործում է արատավոր ընտրական պրակտիկա, ինչի պատճառով քաղաքացին չի հավատում ընտրություններին». Ն.Զոհրաբյան

Երկարատեւ լռությունից հետո ԲՀԿ-ն հայտարարեց իր պաշտոնական եզրակացությունը՝ գնահատականը ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ, իսկ հայտարարությունում անհասկանալի էր ԲՀԿ-ի գնահատականը անցած ընտրությունների վերաբերյալ. ի վերջո ԿԸՀ –ի պաշտոնական տվյալներով` ՀՀ նախագահ հռչակված անձը լեգիտի՞մ է, ըստ ԲՀԿ-ի, թե՞ ոչ, կամ իրականում ո՞ւմ է ընտրել ժողովուրդը: Եվ կամ ԲՀԿ-ն, որ միշտ հայտարարում ու ներկայացնում է իրեն «ժողովրդի կողքին» գտնվող կուսակցություն, կկանգնի՞ արդյոք ժողովրդի կողքին Ազատության հրապարակում:

Ներկայացնում ենք galatv.am-ի հարցազրույցը ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ.

-Տիկին Զոհրաբյան, ո՞րն է վերջապես Ձեր գնահատականը ՀՀ քաղաքացիների բողոք-դժգոհություններին: Այսօր նաեւ դասադուլ են հայտարարել ուսանողները, զարգացումների ի՞նչ սցենարներ եք հնարավոր համարում:

-Թե ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել՝ չէի ցանկանա խոսել դրանց մասին: Մի բան հաստատ է՝ քաղաքացու իրավունքը պիտի հարգվի: Երբ քաղաքացին դասադուլի միջոցով եւ Ազատության հրապարակում, փողոցում բարձրացնում է իր բողոքի ձայնը եւ ձեւակերպում է իր պահանջները, պետք է այդ պահանջները չանտեսվեն: Երբ որ ժամանակին ԲՀԿ-ն, անընդհատ օգտագործելով թե՛ խորհրդարանական ամբիոնը, թե՛ ցանկացած հարթակ, ասում էր, որ երկիրը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ՝ հատկապես ներքին տնտեսական-սոցիալական, եւ այդ մարտահրավերները չի կարելի անտեսել, այն ժամանակ ուղղակի ցանկացած օրենսդրական մանիպուլյացիաներով ուղղակիորեն շարունակում էին թալանել միջին խավը ձեւավորողներին…

-Խոսքը վերաբերում է ընտրությունների արդյունքներից դժգոհող քաղաքացիների բարձրաձայնումների՞ն…

-Մենք մեր քաղաքական հայտարարության մեջ էլ ասել էինք, որ քաղաքացուն չպետք է արհամարհեն եւ ասեն, որ դու անգիտակից ընտրություն ես արել, ինչպես ասում է Վանաձորի քաղաքապետը: Սա է խնդիրը ԲՀԿ-ն ամիսներ առաջ նախաձեռնեց քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ՝ ձեւավորելով համակարգային փոփոխությունների տանող քաղաքական օրակարգ, մենք ասում ենք, որ այսօր էլ մենք պատրաստ ենք քաղաքական ուժերի հետ ձեւավորել քաղաքական այն օրակարգը, որը կբերի երկրում համակարգային լուծումների: Այլապես աղետը անխուսափելի է լինելու:

-Իսկ ԲՀԿ-ն պատրաստվու՞մ է գնալ Ազատության հրապարակ, կանգնել ժողովրդի կողքին…

-ԲՀԿ-ն միշտ էլ ժողովրդի կողքին է, հիմա կգնա կբարձրանա հարթակ, թե չի բարձրանա հարթակ…Երբ որ հարցը փորձում են այդպես ձեւակերպել, դա արդեն ամենակարեւոր հարցը չէ: Ամենակարեւոր հարցը այն է, որ մեր հանրությունը չբաժանեն թշնամական ճամբարների, որ մեր քաղաքացին մեկ այլ քաղաքացու չհռչակի իր թշնամին միայն այն պատճառով, որ նա չի կիսում իր քաղաքական հայացքները: Չփորձեն հասարակությանը բաժանել թշնամական ճամբարների, ինչպես դա եղավ 2008-ին: Դա ամենավտանգավոր եւ ամենաաղետալի զարգացումը կարող է լինել: Կոչ ենք անում զսպվածության, երկիրը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ՝ առաջին հերթին սոցիալ- տնտեսական, եւ օր առաջ անհրաժեշտ է ձեռնամուխ լինել բարեփոխումների, եւ ոչ թե իմիտացիոն բարեփոխումների՝ միջազգայինների համար: Ես ինքս միջազգային կառույցներում աշխատող պատգամավոր եմ եւ շատ լավ գիտեմ այդ դիտորդներն իրականում ինչ գին ունեն: Այդ բառը ասում եմ իրական «գին» իմաստով: Երբ որ մենք ասում էինք, որ ընտրությունների արդյունքներին առաջին հերթին պիտի ՀՀ քաղաքացին հավատա, այ հենց դրա համար էինք ասում: Ինձ համար բացարձակապես կարեւոր չէ, թե ինչ կասի ԵԱՀԿ –ն, Եվրոպայի խորհուրդը, նրանց գինը ես լավ գիտեմ:

-Որպես ՀՀ քաղաքացի, ո՞րն է ձեր գնահատականն ընտրություններին, քանի որ ԲՀԿ-ի հայտարարության մեջ չկար, ըստ էության, ինչպիսի՞ն էին ընտրությունները, դրանք անցան…

-Ասեմ, որ մենք դեռեւս ամփոփելու շատ բան ունենք: Հարցեր կան, որոնց պատասխանները մեզ համար դեռեւս վերջնականապես պարզ չեն: Մեկ բան հստակ է, որ մեր երկրում գործում է արատավոր ընտրական պրակտիկա, ինչի պատճառով քաղաքացին չի հավատում ընտրություններին:

-Ըստ Ձեզ ո՞վ է ՀՀ ժողովրդի ընտրած նախագահը:

-Ես ասացի՝ այս պահին ձեռնպահ կմնամ նման հայտարարություններ անելուց, որովհետեւ մեզ համար դեռ վերլուծելու շատ բան կա:

-Հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն նոր ձեւավորվելիք իշխանության կոալիցիայի մաս կազմի:

-ՀՀԿ-ի՞ հետ, ոչ: Ես ինքս նման կոալիցիայի հեռանկար չեմ տեսնում, եւ մեր օրակարգում դեռեւս կոալիցիա մտնելու խնդիր չկա:

-Այսինքն, ԲՀԿ-ն շարունակում է մնալ երրորդ ո՞ւժ, այլընտրա՞նք:

-Միանշանակ այդպես է:

Տեսանյութեր

Լրահոս