Րաֆֆի Հովհաննիսյանը կնոջ և որդու հետ գնաց Եռաբլուր

Քիչ առաջ Ազատության հրապարակում ավարտվեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հրատապ հավաքը: Մինչ հավաքը, Րաֆֆի Հովհաննիսյանը  խոսեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ` պայմանավորվելով կես ժամ ելույթի հնարավորության համար:

Այս հանդիպմանը Ր. Հովհաննիսյանը ՀՀ դրոշը վերցրեց և մոտենալով հավաքի մասնակիցներին` այն դրեց նրանց առջև: «Սա մեր սիրո, մեր իրավունքի, մեր բարևի և մեր ապագա հաղթանակի կենացն է այսօր»,- նշեց Ր. Հովհաննիսյանը` հայտարարելով, որ այսօր ինքը հանդիպել է համաքաղաքացիներին «երկու խոսք փոխանցելու», իսկ բուն հանրահավաքը տեղի կունենա փետրվարի 28-ին, ժամը 17:00-ին: Դա  լինելու Երևանի քաղաքապետարանի կողմից արտոնված հանրահավաք:

Ր. Հովհաննիսյանը նշեց, որ այս հանդիպմանը ինքը որոշել է ընթերցել իր ելույթը: «Այսօր ես որոշել  եմ ընթերցել, կարդալ ելույթս: Միշտե բանավոր եմ խոսում, և պետք չէ նեղանալ երրորդ նախագահ պարոն Սարգսյանից` արդեն նախկին նախագահից, որ ինքն ընթերցում է: Մեկ-մեկ ես էլ պիտի կարդամ` ոչինչ»,- ասաց Ր. Հովհաննիսյանը, ապա դիմեց հանրությանը. «գնո՞ւմ ենք դեպի հաղթանակ»:

Ի պատասխան դրա` հավաքի մասնակիցներն ասացին` «այո՛»:  Հանդիպման ավարտից հետո նա ասաց, որ իր ընտանիքի հետ գնում է Եռաբլուր, և նա կքայլի մայթերով: «Ժառանգության» առաջնորդը շեշտեց, որ դա երթ չէ, այլ պարզապես իր ընտանիքը ցանկանում է երախտիքի խոսքն ասել հայրենիքի համար իրենց կյանքը տված տղաներին: Նա նաև նշեց, թե ովքեր ցանկանում են միանալ իրենց, թող գան ընտանիքներով և միակ բառը, որ կարող են վանկարկել, դա «Հայաստան» բառն է:

Տեսանյութեր

Լրահոս