ԲՀԿ-ն լռում է և դեռ կլռի անորոշ ժամանակով

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երբ նպատակահարմար գտնի, այն ժամանակ իր տեսակետը կհայտնի փետրվարի 18-ի նախագահի ընտրությունների և հետընտրական իրավիճակի մասին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ է կուսակցությունը հայտնելու իր դիրքորոշումը:

ԲՀԿ-ական պատգամավորը չասաց, սակայն,  թե ե՞րբ կուսակցությունը նպատակահարմար կգտնի հայտնել իր դիրքորոշումը: ԲՀԿ խմբակցության քարտուղարը չժխտեց, սակայն, որ կուսակցության դիրքորոշման ձգձգումը պայմանավորված է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Հայաստանից բացակայությամբ: «Իհարկե, նաև դրա հետ է կապված, որովհետև կուսակցությունը նախագահի հետ, բնականաբար, դա պետք է քննարկի»:  Նաիրա Զոհրաբյանը չցանկացավ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին որպես պատգամավոր տալ որևէ գնահատական. «Իհարկե, ես ունեմ անձնական կարծիք, տեսակետ, բայց սա այն դեպքն է, երբ տեղին չէ անձնական տեսակետ հնչեցնելը»:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանն ավելի խիստ չի լինի այն ԲՀԿ-ականների նկատմամբ, ում ղեկավարած համայնքում նա պարտվել է Րաֆֆի Հովհաննիսյանին, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ինձ համար ընդունելի չէ այդ մեթոդոլոգիան՝ պատժել որևէ մեկին, որի ղեկավարած համայնքում այս կամ այն թեկնածուն հաղթել կամ պարտվել է: Ինձ համար դա բացարձակապես ընդունելի չէ, բայց ես հիմա չեմ ցանկանում  նախագահական  և հետընտրական գործընթացների վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ»:

Տեսանյութեր

Լրահոս