Բաժիններ՝

Ժամանակն է եկել Եվրոպային ցույց տալու մեր ուժը. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մոսկվայի «Դինամոյի» հետ կայացած ստուգողական հանդիպումից (1։2) հետո բացառիկ հարցազրույց է տվել Sportbox.ru կայքին։

– Կարելի է ասել, որ թիմերը գտնվում են պատրաստվածության տարբեր մակարդակներում, սակայն խաղում այն գրեթե չէր զգացվում։

– «Դինամոն» 2 գոլ խփեց ստանդարտից, այդքան բան։ Իսկ ինչ վերաբերում է խաղին, ապա պետք է խոստովանել, որ թեև մենք ավելի լավ էինք պատրաստված, «Դինամոն» գերազանցեց մեզ այդ խաղում։ Մենք լավ պահեր ունեինք գոլ խփելու համար, սակայն դա մեզ ոչ մի կերպ չէր հաջողվում անել։ Եվ հենց դա էր պարտության հիմնական պատճառը։

– Թվաց, թե «Շախտյորը» սկսեց ավելի ակտիվ խաղալ բաց թողած 2-րդ գոլից հետո։

– Պետք է հաշվի առնել, որ սա մեր վերջին հավաքն է։ Այն ծանր ստացվեց, հոգնածություն էլ կա։ Բոլորն արդեն մտքերով և հոգեպես տանն էին, իրենց ընտանիքների հետ։ Սակայն երբ բաց թողեցինք 2-րդ գոլը, ինքնասիրությունը սկսեց խոսել։ Մտածեցինք, որ չենք կարող հենց այնպես խաղը տալ «Դինամոյին»։

– Ի՞նչն է թիմին ամենաշատն անհանգստացնում «Բորուսիայի» հետ խաղից առաջ։

– Մենք այդ հանդիպման մասին դեռ չենք մտածում։ «Դորտմունդի» հետ խաղից առաջ դեռ հանդիպում ունենք Ուկրաինայի առաջնության շրջանակներում։ Այն պետք է հաջող անցկացնենք, որից հետո կսկսենք մտածել «Բորուսիայի» մասին։

– Ուկրաինայի առաջնությունում մրցակցության բացակայությունն արդյո՞ք չի ազդում Չեմպիոնների լիգայում «Շախտյորի» ելույթների վրա։

– Դե այո, խանգարում է։ Սակայն այդ հարցում ոչինչ անել չենք կարող։ Ուկրաինայի առաջնությունում նման հաջողության հասնելու համար հարկավոր է 100 տոկոսով խաղալ յուրաքանչյուր խաղում և միայն այդ դեպքում հնարավոր կլինի բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել եվրոպական մրցաշարերում։ Դա քննության պես մի բան է։ Դու ամբողջ տարին աշխատում ես ու հաղթում, որպեսզի մրցես Եվրոպայի լավագույնների հետ։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ բոլորին ցույց տանք՝ ի վիճակի ենք հաջող հանդես գալ և հաղթել Դորտմունդում», – ասել է Հենրիխը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս