70-ամյա տղամարդը մեղադրվում է անչափահաս տղայի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ
Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները դադարեցրել է միայն այն ժամանակ, երբ ննջարան է մտել և դրանց պատահական ականատեսը դարձել տանը եղած մյուս անչափահասը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի բնակիչ Մելքումյանին ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները 14 տարին չլրացած տուժողի նկատմամբ) առաջադրված մեղադրանքից:
Օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության պարագայում այս տեղեկատվությունը կներկայացնեինք «Հասարակության տականքները շարքից» խորագրի ներքո:
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ 1942թ. ծնված Մելքումյանը 2012թ. սեպտեմբերի 28-ին` ժամը 11:00-ի սահմաններում, իր իսկ բնակարանում հյուրընկալելով իր կնոջ ազգականներ, անչափահաս եղբայրներ Վարդանին և Միքայելին (անունները փոխված են), ժամը 14:00-ի սահմաններում բնակարանի պատշգամբում Միքայելին զբաղեցրել է գունավոր մետաղների տեսակավորման գործով: Իսկ ինքը հյուրասրահում մեկ անգամ համբուրել է 14 տարին չլրացած Վարդանին և կատարվող վերանորոգման աշխատանքների ընթացքը ցույց տալու պատրվակով նրան խաբեությամբ տարել ննջարան:
Նշված սենյակում, ըստ մեղադրական եզրակացության, սեռական կրքին խաթարված ձևով հագուրդ տալու նպատակով, Մելքումյանը կրկին համբուրել է երեխային, ապա բռնության գործադրմամբ բռնելով նրա պարանոցից իջեցրել է ծնկաչոք դիրքի, իսկ ձախ ձեռքով իջեցրել է իր տաբատն ու վարտիքը: Անչափահասին զրկելով դիմադրելու, օգնության կանչելու հնարավորությունից, երեխայի կամքին հակառակ, նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որոնք դադարեցրել է միայն հիշյալ ննջարան Միքայելի մտնելու և նշված գործողություններին ականատես դառնալու պայմաններում:
Դատարանում մեղադրանքի հաստատման դեպքում Մելքումյանին սպասվում է ազատազրկում 8-15 տարի ժամկետով: Կարծում ենք, նման դեպքերում նույնիսկ այդ պատժաժամկետը քիչ է: