Բաժիններ՝

«Մուշ» ռեստորանում սպանված փաստաբան Սամվել Շարբաթյանի քրոջը սպառնում են

«Մուշ» ռեստորանում սպանված փաստաբան Սամվել Շարբաթյանի քույրը նամակ է գրել ՀՔԱ Վանաձորի գրասենյակին և պատմում է, որ իրեն ու իր մտերիմներին սպառնում են: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

18.11.2012թ. ժամը 22:00-ի սահմաններում Մուշ ռեստորանում եղբայրներ Արեն և Արտակ Վերանյանների և Սամվել Դիլոյանի գազանաբար ծեծի պատճառով սպանվել է հարազատ եղբայրս՝ փաստաբանների միության անդամ Սամվել Շարբաթյանը: Իրավապահ մարմինները կալանավորել են ոճրագործներին, բայց դրանով ավելի է վտանգված մեր՝ առանց այն էլ տուժված հարազատների կյանքը: Պատճառը, որ միակ վկան (չնայած ռեստորանում եղել են շատ վկաներ, որոնք ըստ իրավապահների քարի պես լռում են) Հայկը՝ քրոջս տղան, որը ծառայում է ԼՂՀ թիվ 47455 զ/մ Ներքին Ղորաթաղում, պետք է ոճրագործների անունը չտա, որ չդատվեն, որ մեղք են: Իսկ մեղք չէ՞ր եղբայրս, որ 3 հարբած ոճրագործներ գազանաբար խփում էին գլխին ու հայհոյում, իսկ Հայկը, որ ուզում էր փրկել քեռուն մի քանի հարված էլ բաժին է հասնում Հայկին, անգամ գիտակցության կորուստ է ունենում, իսկ ռեստորանում գտնվող այսպես կոչված եղբայր ընկերը՝ պարոն Խլղաթյանը և մի քանի մարդիկ իբր չեն լսում, չեն տեսել, շարունակել են խնջույքը՝ չխառնվելով կռվին: Ասեմ, որ դեպքի վայրում եղել է նաև 3-4 իբր անծանոթ տղաներ, որոնք ոճրագործների թիմակիցներն են և այժմ էլ հետապնդվում են ոստիկանների կողմից ու մեծ վախ են ներշնչում տուժածներիս, մանավանդ՝ Հայկին, որը գտնվում է մեզանից շատ հեռու և միշտ էլ վտանգի մեջ է:

Դիմել ենք բազմակի տարբեր իրավապահ մարմիններին, տեղեկացրել ենք, որ կան սպառնալիքներ, որ վախենում ենք, բայց հստակ պատասխան չկա, հանգստացնում են, որ ոճրագործները ձեռբակալված են, բայց մյուս 4-ը՞, որ ազդում են նորակոչիկ զինվորի վրա, ո՞վ պետք է մտածի այս մասին, ի՞նչ է սպասենք հաջորդ ոճրագործությա՞նը: Ո՞վ պետք է մտածի, որ կա չէ՞ պատճառ, որ Հայկը այլևս չի ուզում տալ ոճրագործների անունները, կամ ինչի մնացած վկաներին չեն ստիպում խոսել, ինչի՞ հաշվի չեն առնում տղայի՝ Հայկի հոգեկան սթրես, ծանր տրավմա ապրած վիճակը, կամավոր գնաց բանակ, որ հեռու լինի ոճրագործներից, հիմա էլ ողջ զորքի առջև ե՞ն ստորացնում զինվորին, ստորացնողն էլ մի գործից անտեղյակ, ոչ կիրթ լրագրող Ադրինե Թորոսյանն է, որը խառնել է անձնականը գործնականի հետ, կատարում է ոճրագործի պատվերը, զանգում է զորամաս Հայկին և ստիպում, որ պատասխանի իր անմիտ հարցերին, այդքանով չբավարարվելով, զանգում և Հայկի դեմ է հանում հրամանատարությանը, որ ստիպված Հայկը պատասխանի և Ադրինեն տպագրի հոդված՝ փորձելով խառնել և շփոթմունք գցել տուժածներիս և իրավապահ մարմինների մեջ: Մեր քաղաքում ինչի չկա՞ր ավելի կիրթ լրագրող, միայն Դիլոյանի ընկերուհի Ադրինեն է՞ր մնացել: Ո՞վ պետք է այս հարցերին պատասխան և լուծում տա: Մեր երկրում էլ չմնաց բարձրաստիճան իրավապահ, որ չդիմենք, ի՞նչ անենք, ինչքա՞ն սարսափենք, և ինչի՞ վախենալով ապրենք, առանց այդ էլ տեսնելով մեր հարազատի խոշտանգված գլուխը սարսափահար եղանք, որ մեր ապահով երկրում նման ոճրագործությու՞ն, և գումարած սպառնալի՞ք, որ ազատ արձակվեն գազաննե՞րը: Մեզ հանգստացնում են, թե իբր խիստ ռեժիմի տակ են գտնվում, իսկ ոնց է լինում, որ 10 օրվա կալանավորվածը ելույթ է ունենում հեռաուստատեսությամբ ծամոնը բերանին, արհամարհական ծիծաղը երեսին, այսինքն՝ մի հասարակ լրագրող Ադրինեն հզոր է դատախազությունի՞ց:

Խնդրում եմ օգնել ճիշտ որոշում կայացնել, և ապահով, հանգիստ մեր վշտի հետ ապրենք: Եվ որ գոնե գտնվի մի հնարավորություն այս ոճրագործության հերոսները ազատ ման չգան հասարակության մեջ, պարծենալով, որ ո՞վ կարա մեր անունը տա, մենք թիկունք ունենք: Ավելացնեմ, որ գոնե իրավապահներից մեկի մտքով անցա՞վ, որ միջոցներ ձեռք առնեն Հայկի հոգեբանական վիճակը ստուգելու, սփոփելու համար, դրա փոխարեն ստիպում են, որ պետք է շարունակ տաս ոճրագործների անունները, որ դատենք: Էսպես ե՞ն համարում ապահով մեր երկիրը:

Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը նոյեմբերի 19-ին հայտնել էր, որ Ս. Շարբաթյանը 3 հոգու հետ գտնվել է «Մուշ» ռեստորանում, որտեղ տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք, որը շարունակվել է ռեստորանի բակում: Ծեծողները Ս. Շարբաթյանին մահացած վիճակում թողել են դեպքի վայրում և դիմել փախուստի: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ մահացածը նախկինում աշխատել է ոստիկանության քննչական ապարատում՝ որպես քննիչ և քննիչի աշխատանքը թողնելուց հետո զբաղվել է փաստաբանական գործունեությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև , որ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Ոստիկանության Վանաձորի և Գուգարքի բաժինների, ինչպես նաև՝ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի օպերատիվ քննչական խմբերը պարզել են երեք անձանց ինքնությունները:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս