Տեր-Պետրոսյանն անկեղծանում է. «Շատ բնական է, ես էլ կզզվեի» (տեսանյութ)

Այսօր կայացավ Հայոց Համազգային Շարժում կուսակցության արտահերթ 18-րդ համագումարը, որի օրակարգում մեկ հարց էր` վերանվանել ՀՀՇ-ն և միանալ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ ստեղծվելիք Հայ ազգային կոնգրես կուսակցությանը: Նշենք, որ հարցը բուռն քննարկման առարկա դարձավ ՀՀՇ համագումարում, քանի որ առաջարկին եղան մի քանի ընդդիմախոսներ, ինչպես, օրինակ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը և ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀՇ հիմնադիր անդամ Բաբկեն Արարքցյանը, ովքեր գտնում էին, որ ՀՀՇ-ի վերանվանումը զուտ տեխնիկական հարց չէ: «Անուն փոխելը տեխնիկական գործ չէ, և մի փորձեք մեզ այդպես ներկայացնել: Անունը և՛ կազմակերպությունների, և՛ որոշ անհատների համար ճակատագրական նշանակություն ունի»,- ասաց Բաբկեն Արարքցյանը: Ի վերջո, իր ելույթում այս հարցերին փորձեց սպառիչ պատասխաններ տալ նախաձեռնության հեղինակը` ՀՀ հիմնադիր նախագահ և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Իր ելույթում Տեր-Պետրոսյանն անկեղծացավ` մինչև Հայ ազգային կոնգրեսի ստեղծմանը նախորդած շրջանը՝ 2000-2007 թ., համարելով «ՀՀՇ պատմության ամենախայտառակ շրջանը», քանի որ այդ շրջանում կուսակցությունը մասնակցում էր ընտրություններին և ունենում էր «խայտառակագույն արդյունքներ»: Տեր-Պետրոսյանը նույնիսկ նշեց, որ այդ շրջանում ՀՀՇ-ն վերածվել էր «գեղական կլուբի»:

«Եվ եթե Կոնգրեսը չկա, և մենք էլի մնում ենք ՀՀՇ, մենք հայտնվում ենք այդ նույն 7 տարվա վիճակում: Սա՞ է մեր ցանկացածը»,- ասաց ՀԱԿ առաջնորդը: Տեր-Պետրոսյանը նշեց, որ չի կարելի կորցնել այն էներգիան, որն ունի Հայ ազգային կոնգրես շարժումը, քանի որ դա կլինի մեծագույն մեղք հայ ժողովրդի հանդեպ:

«Այլընտրանքը ո՞րն է, էկանք-փակվեցինք էս մեր ՀՀՇ-ի գրասենյակում, դարձանք ակումբ, դարձանք աղանդ, հպարտացանք մեր պատմությամբ: Ասում են`ՀՀՇ-ն պատմական արժեք է, սրանից ավելի մեծ հայհոյանք ինձ համար չկա»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Ես չեմ ուզում, որ ՀՀՇ-ն վերածվի թանգարանի: Այդպիսի կուսակցություններ արդեն կան, ես չեմ ուզում, որ մենք տարիներ անց հպարտանանք, որ մենք 125 կամ 168 տարվա կուսակցություն ենք,- ասաց Տեր-Պետրոսյանը և բարձրացնելով ջրով լցված բաժակը` ավելացրեց,- Ձեր կենացը»:

Ի դեպ, Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր իր խոսքը բավական հաճախ էր համեմում կատակներով, ինչով բավական բարձրացրեց նաև ներկա ՀՀՇ-ականների տրամադրությունը: Մասնավորապես, երբ նա անդրադարձավ կուսակցության վերանվանման հարցին, այնքան անկեղծացավ, որ հիշեց, թե ինչպիսի վերաբերմունք ուներ ժողովրդի մեծամասնությունը ՀՀՇ-ի նկատմամբ՝ կուսակցության իշխանավարության շրջանում` 1990-ական թթ. և դրանից հետո: «Չէ՞ր առաջացել ՀՀՇ-ի անվան նկատմամբ ալերգիա, իհա՛րկե առաջացել էր, չէ՞ք հիշում դա, մինչև 2007 թիվը: Շատ բնական է: Իշխանություն ենք եղել, մեր ժողովուրդը դժվարություններ է ունեցել այդ տարիներին: Նրա համար կարևոր չէ` դու հաղթանակներ ես տարել, Ղարաբաղ ես ազատագրել, դա ոչինչ, դա քո պարտքն էր, պիտի անեիր, բայց որ մեր հացը կտրել ես, ուրեմն ես քո նկատմամբ տենց զզվանք ունեմ: Զզզվում է, շատ բնական է, ես էլ կզզվեի»,- ժպտալով ասաց ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը:

Ավելացնենք, որ համագումարի վերջում կայացած քվեարկության արդյունքում  ՀՀՇ անդամների մեծամասնությունը կողմ քվեարկեց կուսակցությունը Հայ ազգային կոնգրես վերանվանելուն:

 

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում

Լուսանկարրը՝ Գ.Շամշյանի

Տեսանյութեր

Լրահոս