«Ճանաչե՛ք հայ ժողովրդի հաղթանակը, հիմա ճանաչե՛ք». Րաֆֆի Հովհաննիսյանը` Սերժ Սարգսյանին
Չնայած տեղացող ձյանը` Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին Գյումրիում մեծ թվով մարդիկ էին մասնակցում: Ր.Հովհաննիսյանը իր խոսքում դիմել է հանրահավաքը նկարահանող ոստիկաններին և ասել.
«Թող լավ լսեն այսօր ներկա ոստիկանները, անվտանգության ծառայողները, հրամանատարները: Ամեն մեկս ունի իր սխալը, իր անցյալը, բոլորս պիտի պատասխան տանք, բայց եթե մարզպետը, ոստիկանը, անվտանգության աշխատակիցը որևէ ոտնձգություն անեն, ինձ նկարելու փոխարեն Ձեզ նկարեն, օրենքի առջև պատասխան է տալու»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ կեղծված, սուտ, հակահայկական ընտրությունների ժամանակը անցնում է. գալիս է Հայաստանի անկախության շրջանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Գյումրին հաղթանակ է տարել, և այդ հաղթանակը պետք է պահել մինչև հաղթանակ:
«Ճանաչե՛ք հայ ժողովրդի հաղթանակը, հիմա ճանաչե՛ք»,- հորդորեց Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահ Սերժ Սարգսյանին: Գյումրեցիները ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության սկեսեցին բղավել՝ Սերժի՛կ, հեռացի՛ր: Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն, սկսեց բղավել` Հայաստան: Նա ևս մեկ անգամ նշեց, որ սա կռիվ չէ անհատների միջև. «Սա Րաֆֆու համար չէ, սա մեր երեխաների, մեր հայրենիքի, մեր երկրի համար է»: Դիմելով գործող նախագահ Սերժ Սարգսյանին` Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ժամանակն է` վերջինս իշխանությունը փոխանցի Հայաստանի ժողովրդին. որքան շուտ, այնքան լավ:
«Բոլորը, որ խեղել են ժողովրդի ձայները, բոլորը պիտի հրաժարական տան»,- ասաց է Րաֆֆի Հովհաննիսյանը: