Բաժիններ՝

Գրողների միություն – «Մշակույթ» հիմնադրամ դատական «հակամարտությունը» շարունակվում է

Հայաստանի գրողների միություն ՀԿ-ն ու Լևոն Անանյանն ընդդեմ «Մշակույթ» համահայկական հիմնադրամի գործով պատասխանողի բողոքը քննվում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Իսկուհի Վարդանյանի նախագահությամբ:

«Մշակույթ» համահայկական հիմնադրամը բողոքարկել է պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Ալվարդ Հունանյանի նախագահությամբ, անցյալ տարվա նոյեմբերի 30-ի վճիռը, որով մասնակի բավարարվել էր Լ.Անանյանի հայցը:

Մասնավորապես, դատարանը վճռել էր «Մշակույթ» համահայկական հիմնադրամին պարտավորեցնել Երևանի գրողների միության պաշտոնաթերթում` «Գրական» թերթում հրապարակել հերքում նույն լրատվամիջոցում 2012թ. փետրվարի 17-ին «ՀՀ գլխավոր դատախազ պարոն Աղվան Հովսեփյանին» վերնագրով հոդվածում տեղ գտած մի շարք մտքերի վերաբերյալ: Ըստ դատարանի՝ հերքման ենթակա են շուրջ մեկ տասնյակ հատվածներ, այդ թվում՝ «… վստահ ենք, որ մեզ կհաջողվի Հայաստանի գրողների միությունն ազատել չարիքի և գորշ միջակության, չգրողների իշխանությունից …», «… Գրողների միությունում շատերն են խոսում կրկին անանյանական յուրացումների մասին … », «… Մամուլն ահազանգում է այն մասին, որ Երևանի մերձակայքում Անանյանը շքեղ առանձնատուն է գնել… : Իսկ դղյակը Ավան Առինջո՞ւմ … Ում հաշվին սոված գրողների՞ …» և այլն:

Դատարանի վճռով «Մշակույթ» համահայկական հիմնադրամից հօգուտ հայցվորներ «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության և Լևոն Անանյանի պետք է բռնագանձվի 50.000 ՀՀ դրամ` որպես հայցվորների գործարար համբավին, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման գումար: Եվս 80.000 ՀՀ դրամ պետք է պատասխանողից բռնագրավվի որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար և 4000 ՀՀ դրամ` որպես հայցվորների կողմից վճարված պետական տուրքի գումար:

Ըստ հայցվորների՝ վերոհիշյալ հատվածներն ունեն վիրավորական բնույթ և հանդիսանում են զրպարտություն: Իսկ ըստ պատասխանողի, հայցադիմումը «իրավաչափ չէ և անհիմն, նրանում թույլ են տրված բացահայտ կեղծիքներ, որոնք նկատելի են անգամ անզեն աչքով»:

Պատասխանողը նշել է, որ Լ. Անանյանը վերջին շրջանում պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հայցով 6 անգամ դիմել է դատարան, 6 անգամ էլ պարտվել: «Խնդիրը նույնն է եղել` գրողների արդար քննադատությունը նա փորձում է խեղդել դատարաններում: Բայց դա նրան չի հաջողվել և չի հաջողվի, որովհետև ՀՀ մեծարգո նախագահ, տաղանդավոր հայ գրողների լավագույն բարեկամ Սերժ Սարգսյանը խնդիր է դրել լայն ծավալի պայքար սկսել անօրինականության և օրենքը խախտողների դեմ: Մեր գրական համայնքում Անանյանը միակ մարդն է, որ հայտնի է իր անօրինական գործողություններով»:

Ըստ պատասխանողի՝ հայցը ենթակա է մերժման նաև այն պատճառով, որ սրանով փորձ է արվում միջամտել և խանգարել իրավապահ և քննչական մարմինների աշխատանքին: «Սակայն Անանյանը չի հասկացել մի բան` ժամանակներն իրոք փոխվել են, և օրինախախտներին հիմա ոչ ոք չի պաշտպանելու…»,- նշվում է պատասխանող կողմի առարկության մեջ։

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս