Վազգեն Մանուկյանը, Սոս Սարգսյանը և մի շարք պաշտոնյաներ շնորհավորել են Սերժ Սարգսյանին
Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել են Ավստրիայի Դաշնային Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ւտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն:
«Ձերդ Գերազանցություն,
Ես իմ անկեղծ շնորհավորանքն եմ հղում Ձեզ` Հայաստանի Հանրապետության Նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Ես համոզված եմ, որ Դուք Ձեր պաշտոնավարման երկրորդ շրջանում Ձեր ուժերը կշարունակեք ներդնել տնտեսական, սոցիալական և քաղաքական առումներով կայուն ու նաև խաղաղ Հայաստանի համար:
Հաճույքով եմ հիշում անցած տարի Հայաստան կատարած իմ այցելությունը: Եվ ես ցանկանում եմ վերստին օգտագործել այս առիթը` վերահաստատելու Ավստրիա կատարելիք Ձեզ ուղղված իմ հրավերը»,- ասված է Ավստրիայի նախագահի ուղերձում:
«Մեծարգո Սերժ Ազատի,
Ընդունեք խնդրեմ շնորհավորանքներս ՀՀ նախագահի պաշտոնում Ձեր վերընտրվելու կապակցությամբ:
Օգտվելով այս հաճելի առիթից՝ ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, ինչպես նաև անձնական երջանկություն և հաջողություններ պետական բարձր պաշտոնում՝ ի շահ բարեկամ հայ ժողովրդի բարեկեցության և առաջընթացի:
Ընդունեք խնդրեմ հարգանքներիս խորին հավաստիքը և աներեր պատրաստակամությունը՝ այսուհետ ևս զարգացնելու և ամրապնդելու մեր երկրների ու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները»,-ասված է Թուրքմենստանի նախագահի ուղերձում:
«Իտալիայի ժողովրդի և անձամբ իմ անունից ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
Նախագահական այս ընտրություններով Հայաստանը հաստատեց իր ժողովրդավարական լիարժեք հասունությունը, ինչի համար նույնպես շնորհավորում եմ: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանը կշարունակի ընթանալ տնտեսական և սոցիալական զարգացման, ինչպես նաև Եվրոպայի հետ մերձեցման իր ուղիով, որին Իտալիան վստահորեն աջակցում է:
Այս ոգով, մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում ամենայն հաջողություն այդ բարձր պաշտոնում»,-ասված է Իտալիայի նախագահի շնորհավորական ուղերձում:
Նախագահին շնորհավորել են նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը, Հայկազյան Համալսարանի նախագահ, վերապատվելի Փոլ Հայտոսթյանը, Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ, վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանը, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ Սոս Սարգսյանը, ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը, Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիմիր Բալյանը: