Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած շարժման մասին. «Ես միշտ գործին միացող եմ».

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դրական է վերաբերում ՀՀՇ արտահերթ 18-րդ  համագումարի ժամանակ հնչող տարբեր կարծիքներին Հայոց Համզգային շարժումը Հայ ազգային կոնգերս կուսակցության վերանվանելու վերաբերյալ: ՀՀՇ արտահերթ 18-րդ համագումարի ընդմիջման ժամանակ  լրագրողների հետ զրույցում Լ. Տեր-Պետրոսյանն ասաց. «Բնական է. նախագիծ է: Դեմ կարծիքներ էլ կլինեն, կողմ էլ կլինեն: Քվեարկությամբ կորոշենք: Չգիտե՞ք՝ արտահերթ համագումարն ինչ է»:

Դիտարկմանը, թե ՀՀՇ անդամ Բաբկեն Արաքցյանը զարմացած էր, Լևոն Տեր-Պետրոսյանը արձագանքեց. «Հետո ի՞նչ: Ես էլ եմ զարմացած»:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին, լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս եք վերաբերում Ր. Հովհաննիսյանի նախաձեռնությանը, ինչին ի պատասխան առաջին նախագահն ասաց. «Րաֆֆի Հովհաննիսյանը չի նախաձեռնել: Ժողովուրդն է նախաձեռնել, որը իր բողոքն է արտահայտում այս անօրինականությունների դեմ»:

Հարցին, թե Դուք կմիանա՞ք բողոքին, Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Ես միշտ գործին միացող եմ: Առայժմ ժողովուրդը գործ արե՞լ է: Ժողովուրդը եկել է հրապարակ և այս իշխանությունների դեմ բողոքում է: Այս բողոքավորները դեռևս, սակայն, գործ չեն արել: Երբ գործ կանի ժողովուրդը, այդ ժամանակ կգնահատենք ու կորոշենք՝ կմիանա՞նք, թե՞ չենք միանա»:

Այն հարցին, թե մոտավորապես ե՞րբ կլինի Ձեր մատնանշած գործի պահը, Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ չգիտի և հարցը պետք է ուղղել «գործը իրականացնողին»:

Նշենք, որ այս պահին ՀՀՇ համագումարը ընդմիջվել է, որից հետո ՀՀՇ-ականները կշարունակեն քննարկել օրակարգային հարցերը:

Տեսանյութեր

Լրահոս