Հազարավոր մարդիկ Հայաստանում բողոքում են վերընտրված նախագահի դեմ. Reuters

Հազարավոր մարդիկ երեկ Երևանի կենտրոնում բողոքի ցույց են անցկացրել վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի դեմ. ցուցարարները պնդում են, որ  ընդդիմադիր կուսակցության ղեկավարն է իրական հաղթողը: Այս մասին գրում է բրիտանական Reuters գործակալությունը:

Միջազգային դիտորդները նշել են, որ երկրում երկուշաբթի օրը կայացած ընտրությունները մի քայլ առաջ էին, բայց  մրցակցությունը թույլ էր, քանի որ Սարգսյանի ամենանշանավոր մրցակիցները չէին առաջադրվել՝ նշելով, որ ընտրությունների արդյունքները խեղաթյուրվելու են:

Գործակալությունը գրում է, որ Երևանում անցկացված հանրահավաքը խաղաղ է եղել, իսկ երկրի մյուս քաղաքներում  հանրահավաքներ չեն եղել: Վերլուծաբաններն անհանգստացած են տարածաշրջանում անկայունությամբ. այս տարածաշրջանով է Կասպից ծովի նավթն ու բնական գազը հասնում Եվրոպա:

Reuters-ը գրում է, որ ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի աջակիցները վանկարկել են վերջինիս անունը՝ պնդելով, որ ընտրությունները կեղծվել են Սերժ Սարգսյանի օգտին:

«Դուք այն մարդիկ եք, ովքեր ընտրել են իրենց ծառային»,- ԱՄՆ-ում ծնված Րաֆֆի Հովհաննիսյանն այսպես է դիմել իր աջակիցներին: Նա հավաքվածներին պատմել է, որ հինգշաբթի օրը Սերժ Սարգսյանը մերժել է նոր ընտրություններ անցկացնելու առաջարկը:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև նշել է, որ մինչև կիրակի օրը Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելը ինքը շրջելու է այն քաղաքներում ու գյուղերում, որտեղ հաղթանակ է տարել Սերժ Սարգսյանի նկատմամբ:

Բրիտանական գործակալությունը հիշեցնում է, որ 2008-ին ցույցերի ու հանրահավաքների արդյունքում 10 մարդ է սպանվել:

Տեսանյութեր

Լրահոս