Բաժիններ՝

«Հարսնաքարի» մոտ երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել են «ԲՄՎ»-ի վարորդի մայրն ու քույրը

ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության թիվ 4-րդ կայազորային բաժնում հարուցվել է քրեական գործ երեկ՝ փետրվարի 22-ին, Երևանի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։
Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախվել էին «ԲՄՎ» մակնիշի 34 TU 967 համարանիշի և «Նիսսան Պատրոլ» մակնիշի ՊՆ 0004Մ համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդ, Ավան-Առինջի բնակիչ, 28-ամյա Գոռ Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ «Նիսսան Պատրոլ»-ի վարորդ, 62-ամյա Արարատ Աբրահամյանը՝ «Նաիրի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր էին ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ, տեղում էին նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ, ինչպես նաև Ավան բաժնի թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատը՝ հերթափոխի պետ Արմեն Շարբաթյանի գլխավորությամբ։

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգտագործմամբ «ԲՄՎ»-ի միջից դուրս բերեցին ուղևորներ Սիլվա Բաղդասարյանի և Սյուզի Վարդանյանի դիերը։
Տեղի ունեցած վթարի մասին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը անընդհատ հեռախոսով տեղեկություններ էր հայտնում Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին։

Shamshyan.com-ի տեղեկություններով, մահացած Ս. Բաղդասարյանը «ԲՄՎ»-ի վարորդ Գ. Վարդանյանի մայրն էր, իսկ Ս. Վարդանյանը՝ քույրը։
Ըստ տեղեկությունների՝ «Նիսսան Պատրոլ»-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում և սպասարկում է նույն գերատեսչության գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ Հայկազ Բաղմանյանին, ով այս օրերին գտնվում է Արցախի պաշտպանական դիրքերում և վթարի մասին տեղեկանալով՝ վերադառնում է Երևան։

Նշված 2 ավտոմեքենաները տեղափոխվել են Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

13 12 11 8 9 10 5 6 7 2 3 4 1 17 16 15 14

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս